211652_close_icon
views-count1656 դիտում article-date 19:15 04-11-2016

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն հանդիպեց Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին

Նոյեմբերի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն հանդիպեց Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն և ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում՝ ի շահ հայ և հույն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության: Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը խնդրեց իր եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվեց Հունաստանի հայ համայնքի ունեցած դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ համատեքստում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Պատրիարքին հայկական գաղթօջախի և Հունաստանում գործող հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորված հոգատար վերաբերմունքի համար: Պատրիարքի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:

Նմանատիպ նյութեր