211652_close_icon
views-count3891 դիտում article-date 15:25 09-11-2016

2017 թ-ի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կներդրվի ուղիղ հատուցումների համակարգը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվելու է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասները, որից հետո վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունների հետ կիրականացնեն փոխհաշվարկներ՝ սահմանված չափերով հետ ստանալով իրենց կողմից հատուցված գումարները: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերության հետ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մեծապես կարևորում է ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն ԱՊՊԱ ոլորտում: Ներկայումս, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելով, Ապահովադիրներն ըստ էության ընտրում են միայն ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՊՊԱ ոլորտում գործող պայմանները միասնական և ստանդարտ են, որտեղ հաշվի են առնված ԱՊՊԱ համակարգի բոլոր մասնակիցների և տուժողների շահերը։ Ուղիղ հատուցումների համակարգը հնարավորություն կտա վերականգնել այդ ընտրության իրականացման խթանները, որոնք ներկայումս բացակայում են: Համապատասխանաբար ավտոսեփականատերերը կարող են ապահովագրական ընկերությանը ընտրել՝ ելնելով վերջինիս կողմից պայմանագիրը սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպելու արագությունից, վնասի գնահատման գործընթացը կազմակերպելու օբյեկտիվությունից, հաճախորդի հետ հաղորդակցվելու որակից և սպասարկման որակի գնահատման՝ իր համար նախընտրելի այլ չափորոշիչներից: Այս գործոնների առկայությամբ անխուսափելիորեն ԱՊՊԱ ոլորտում կմեծանա ապահովագրական ընկերությունների միջև առողջ մրցակցությունը՝ հիմքում ունենալով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը, ինչն իր հերթին կհանգեցնի ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկմանը և հատուցումների գործընթացի որակի բարելավմանը։ [b]Ուշադրություն՝ [/b] Կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր