211652_close_icon
views-count2719 դիտում article-date 17:30 09-11-2016

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Երևանի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին նվիրված արարողությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի 85-ամյակին և Կարեն Դեմիրճյանի թանգարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում շնորհավորելով համայնքային երկու թանգարանների բոլոր աշխատակիցներին ու դրանց կայացման գործին իրենց անուրանալի ավանդն ունեցած նվիրյալներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է մշակութային այս օջախների դերն ու նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության գործում: Երևան քաղաքի պատմության և Կարեն Դեմիրճյանի թանգարանների տնօրեններն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար՝ նկատել են, որ վերջին տարիներին թանգարանների զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետի հետևողական քաղաքականությունն իսկապես սպասված էր ու կարևոր: Միջոցառման ընթացքում ներկայացվել են երկու թանգարանների ստեղծման և գործունեության մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմեր, որոնք նաև յուրօրինակ հաշվետվություն էին՝ տարիների կատարած աշխատանքի: Այնուհետ տեղի է ունեցել նաև «Երևան 4» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը: Հանդիսավոր արարողության շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուն համալրելու գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել մշակութաբան Ավո Հովհաննիսյանը և Արմեն Համազասպյանը: Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ, թանգարանային գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երևան քաղաքի պատմության թանգարանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով, որն իր տեղը կգտնի թանգարանում՝ դառնալով 96700-րդ ցուցանմուշը։

Նմանատիպ նյութեր