211652_close_icon
views-count3606 դիտում article-date 18:36 14-11-2016

ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. Ուիլյամ Լահյու

ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերություններն ուժեղ են և դեռ ամրանալու են, քանի որ հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա և ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ասպարեզում. լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ: Ուիլյամ Լահյուն նաև նշեց, որ Հայաստանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ «ՆԱՏՕ-ն հասկանում է նմանօրինակ խնդիրների թողած լուրջ ազդեցությունը Հայաստանի վրա»,- ասաց նա: Իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ կարևոր է չսահմանափակվել միայն մայրաքաղաքով և աշխատել նաև մարզերում։ «Ինչու՞ է կարևոր ՆԱՏՕ–ի շաբաթը։ Որպեսզի ևս մեկ անգամ քննարկենք կարևոր հարցերը, օրինակ, ԶՈւ–ում կանանց դերը, կիբերանվտանգությունը և ՆԱՏՕ–ի գործունեության մասին հասարակության իրազեկումը։ Այդ բոլոր քննարկումները չպետք է սահմանափակվեն միայն փորձագետներով»,– նշեց Քիսլերը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ի շաբաթը լավ հնարավորություն է Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ «Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է իր ավանդը ներդնել այդ գործում։ Մենք նաև աշխատում ենք Հայաստան–ՆԱՏՕ վստահության ֆոնդ ստեղծելու ուղղությամբ։ Դա շատ կարևոր նախագիծ է, քանի որ կօգնի Հայաստանին կատարել իր պարտավորությունները»,- եզրափակեց դեսպանը։

Նմանատիպ նյութեր