211652_close_icon
views-count18331 դիտում article-date 13:25 19-11-2016

Արցախի 20-ամյա հերոսին ու նրա զինակից առյուծ տղերքին պետք է հիշել ամեն օր. դուք անմահ եք ձեր սխրանքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակին նրա ընտանիքի անդամներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր։ Տեղադրված էր արդեն գերեզմանաքարը, որը րոպեներ անց շրջապատվեց ծաղիկներով։ Ընտանիքի անդամները՝ արցունքը աչքերին, ժպիտով վերհիշեցին, թե Ռոբերտը որքան շատ էր սիրում իր ծննդյան օրը։ Առհասարակ, նա շատ ուշադիր էր նաև իր սիրելիների ու մտերիմների ծնունդների հանդեպ. բոլորին զանգում էր 23:55 րոպեին, հինգ րոպե խոսում հոբելյարի հետ, այնուհետև առաջինը շնորհավորում նրան։ Ռոբերտի հորեղբայրը պատմեց, թե ինչ ուրախ ու կյանքով լի երիտասարդ էր նա. «Հնարավոր չէր Ռոբերտի կողքով քայլել ու ամբողջ ճանապարհին չծիծաղել. նա շատ էր սիրում կյանքը, սիրում էր քեֆ-ուրախությունների մասնակցել, հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ…» Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակին նվիրված իր դպրոցում բացվեց նրա անունը կրող դասասենյակ: Պատին փակցված ցուցապաստառի վրա Արցախի հերոսներից վերջինը՝ քսանչորսերորդը, քսանամյա Ռոբերտ Աբաջյանն է։ Նա ամենաերիտասարդն է մնացած քսաներեք հերոսների շարքում. Ռոբերտն այսօր միակն է, ով ընդամենը 20 տարեկանում հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչմանը։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վաշտի հրամանատարի մահից հետո ոտքի վիրավորում ստացած Աբաջյանը սկզբում հրամանատարի պարտականությունները ինքնակամ վերցրել է իր ձեռքը, իսկ հետո՝ վերջին զինակից ընկերոջ մահից հետո, մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրել, իբր՝ հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի։ Լուսանկարները՝ Արտակ Մարգարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+

Նմանատիպ նյութեր