211652_close_icon
views-count8876 դիտում article-date 17:18 21-11-2016

2017թ. հունվարի 1-ից Հայաստանի բոլոր 5 ջրամատակարար ընկերությունների համակարգերը կառավարելու է ֆրանսիական Veolia Group ընկերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, նոյեմբերի 21-ին, Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցի «Տրդատ 2»-րդ սրահում տեղի ունեցավ Ֆրանսիական Վեոլիայի ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրիի հանդիպումը լրագրողների հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ջրամատակարար ընկերությունների համակարգերը վարձակալելու մասին ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։ Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչել ֆրանսիական Վեոլիա ընկերությանը /Պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն/։ Իսկ այսօր Վարձատուի, ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի, Հայտատուի՝ ի դեմս Վեոլիա ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրիի, եւ Վարձակալի՝ ի դեմս նորաստեղծ Վեոլիա Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի, միջեւ կնքվեց «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ- ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիր: Այն գործելու է 15 տարի, որի ընթացքում նորաստեղծ «Veolia Ջուր» ընկերության կողմից նախատեսվում է սպառողներին մատուցել 800 միլիոն եվրո գումարով ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ: Մասնավորապես, արդեն 2030թ. ընկերության ողջ սպասարկման տարածքում կապահովվի 24-ժամյա ջրամատակարարում: «Այս հաջողությունն օրինաչափ է, քանի որ այն Վեոլիա ընկերության անբողջ թիմի համատեղ գործունեության արդյունքն է: Գրուպին հաջողվեց Երեւան Ջրի աշխատակիցների փորձառությունն ու արհեստավարժությունը լավագույնս օգտագործել`նպատակին հասնելու համար, որին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ավելի քան 40 երկրներում գործունեության փորձ ունեցող Վեոլիա Գրուպի մասնագետները: Սույն պայմանագիրը վկայում է Վեոլիա ընկերության միջազգային այսպարեզում աշխատելու հմտության մասին` տեղական իշխանությունների հետ համատեղ հանրային ծառայությունների ոլորտները լավագույնս արդիականացնելու ու կառավարելու առումով: Այն նաև վկայում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասով զարգացման մեր ռազմավարության հիմնավորվածության մասին և կամրապնդի ընկերության հեղինակությունը ջրի արտադրության և վաճառքի գործում», - ասում է Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին: Երկար ճանապարհ է անցել Վեոլիան մինչեւ այս հաջողությունը: Մշտապես հետեւել է իր դուստր ընկերության՝ Երեւան Ջրի աշխատանքին, վերահսկել ու օգնել է նրան խորհուրդներով, մասնագետներով ու ֆինանսապես: Արդյունքում, արդեն 2014թ. պարզ դարձավ, որ նախագիծը հաջողված է եւ նպատակ դրվեց շարունակել ու ընդլայնել Վեոլիայի ներկայությունը Հայաստանում: Տարվող քաղաքականության վերանայման, հետագա զարգացման ու այն ապագա ծրագրերին ուղղելու առումով առանցքային դեր խաղաց Veolia Group - ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյի այցը Երեւան 2015թ. հունիսի 1-ին: Նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկեց Հայաստանում Veolia-ի գործունեության արդյունքներն ու հեռանկարները: Իսկ ընկերության ղեկավարներին այս կապակցությամբ տրվեցին համապատասխան ցուցումներ: Վարձակալության պայմանագրի շրջանակներում, Վեոլիա ընկերությունը հանձն է առել ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը: Համաձայն պայմանագրի` խմելու ջրի վաճառքի ծավալը վարձակալության վերջին տարում կկազմի մոտ 174 միլիոն խորանարդ մետր: Վեոլիա ընկերությունը, այսպիսով, կընդլայնի Հայաստանի ողջ բնակչության համար որակյալ և շարունակական ծառայության մատուցումը, որը ներկայումս արդեն իսկ իրականություն է Երևանի համար: «Veolia Ջուր»-ը իր գործունեությանը կառուցելու է Երեւան Ջրի 10-ամյա փորձի հիման վրա, որի արդյունքները ակնհայտ են: Վարձակալության պայմանագրի բոլոր հիմնական պահանջները կատարվել ու գերակատարվել են: Ասել է թե՝ նախատեսվում է մասնավորապես ջրի կորստի նվազեցման, բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման միջոցով հասնել ջրի տնտեսմանն ու էլեկտրաէներգիայի սպառման կրճատմանը, ինչպես նաեւ ջրամատակարարման բարելավմանն ու ջրի որակի ապահովմանը: Մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ ջրի վաճառքի կանոնավորումն ու ապօրինությունների դեմ պայքարը: Այս խնդրի լուծումը, հաշվի առնելով ջրմուղկոյուղու համակարգերի ոչ բավարար տեխնիկական վիճակը, հսկայական ներդրումներ է պահանջում: Իր միջոցներից Վեոլիան համաձայնվել է 15 տարվա ընթացքում համակարգում իրականացնել 37,5 մլրդ դրամի կապիտալ աշխատանքներ: Իր հերթին, հայկական կողմը հանձն է առել այս կարևոր ծրագրի իրագործման համար առաջիկա չորս տարիներին ներգրավել մոտ 200 միլիոն դոլար: Այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Գերմանական զարգացման բանկից և Ներդրումային եվրոպական բանկից: Վեոլիան վերը նշված 5 ընկերությունների համակարգերի վարձակալության համար այս տարիներին Հայաստանի կառավարությանը վճարելու է 89,7 մլրդ դրամ: Վեոլիա ընկերության հայաստանյան մասնաճյուղում այսօր ներգրավված է 1200 աշխատակից, իսկ նոր պայմանագրի արդյունքում այն կդասվի երկրում խոշորագույն գործատուների եւ հարկատուների շարքին: Veolia-ն համոզված է, որ Վարձակալության պայմանագիրը հաջողությամբ կկատարվի՝ ի շահ օրինապաշտ սպառողի: Դրա համար նա ունի բավարար փորձառություն ու ներուժ: Ի վերջո, դա նաեւ պատվի գործ է իր՝ շրջակա միջավայրի ոլորտում գործող աշխարհի ամենախոշոր եւ հեղինակավոր ընկերություններից մեկի համար: Այսպիսով, Veolia-ն երեւանցիներին հրաժեշտ չի տալիս, իսկ Հայաստանի մյուս բնակիչներին ասում է. «Բարի գալուստ Veolia-ի ընտանիք»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+

Նմանատիպ նյութեր