211652_close_icon
views-count2851 դիտում article-date 16:03 05-12-2016

Գավառի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում: Փորձագիտական խմբի ղեկավարն է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կրթության բարեփոխումների ապահովման բաժնի պետ Անգին Մարտիրոսյանը, խմբի մյուս անդամներն են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանը, ՃՇՀԱՀ Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, Գերմանիայի Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, համալսարանական կրթության և ուսուցման կենտրոնի ղեկավար Մարգրեթ Բյուլոու Շրամը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սերժ Ռուշանյանը: Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը: Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր: ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի:

Նմանատիպ նյութեր