2166 դիտում
19:12 07-12-2016
Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Աֆղանստանում նվիրված ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:
«Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաև մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու և աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան:
Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սևեռել Աֆղանստանի առջև ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության և Աֆղանստանում ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաև ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից:
Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաև անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին:
Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տևական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Պարոն նախագահ,
Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին: Վստահ ենք, որ միասնական ջանքերով և վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին` օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված