211652_close_icon
views-count4165 դիտում article-date 16:59 14-12-2016

Սնունդ հայթայթելու համար Եգիպտական թռչող շնիկը մեկ գիշերվա ընթացքում կարող է անցնել 40 կմ տարածություն

Եգիպտական թռչող շնիկը չղջիկների փոքր տեսակ է, որի երկարությունը հասնում է մինչև 17 սմ-ի: Ունեն թևերի լայն բացվածք: Արուները ավելի մեծ են և ունեն տեսանելի պարկ, որով տարբերվում են էգերից: Նրանց մարմինը բաց դարչնագույն է, իսկ թևերի մասը՝ մուգ դարչնագույն: Ականջները երկար են և սուր, աչքերը մեծ են և մուգ: Մորթին փափուկ է: Թռչող շնիկներն ունեն երկար լեզու: Եգիպտական թռչող շնիկները տարածված են Եգպտոսից մինչև Արաբական թերակղզի: Ապրում են հարթավայրերում, լեռներում: Հեշտությամբ ադապտացվում են միջավայրի պայմաններին: Հիմնականում ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում: Ի տարբերություն այլ չղջիկների, Եգիպտական թռչող շնիկներն օգտագործում են իրենց ձայնի արձագանքը: Թռիչքի ժամանակ մթության մեջ նրանք բարձր ձայներ են արձակում և արձագանքով կողմնորոշվում տվյալ տարածքում: Սննդակարգի մեծ մասը կազմում է հասուն արևադարձային պտուղները՝ թուզ, նարինջ, արմավ, բանան և այլն: Սնունդ հայթայթելու համար մեկ գիշերվա ընթացքում կարող են անցնել 40 կմ տարածություն: Բազմացման շրջանը տևում է հուլիս ամսից մինչև սեպտեմբեր: Հղիությունը տևում է 115-120 օր: Սովորաբար ունենում են մեկ ձագ: Գրեթե վեց շաբաթ էգը ձագին իր մոտ է պահում, իսկ ավելի ուշ ձագը կախվում է բնի ցցված ժայռերից: Ձագերը սեռահասուն են դառնում կյանքի 9-րդ ամսում: Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված է որպես «Քիչ վտանգված» տեսակ: Տեսակի նվազման հիմնական պատճառը գյուղատնտեսության զարգացումն է տվյալ տարածքներում, ինչպես նաև բնական թշնամիները՝ նրանցով են սննվում օձերը, գիշատիչ թռչունները, կզաքիսները և այլն:

Նմանատիպ նյութեր