211652_close_icon
views-count4063 դիտում article-date 19:02 15-12-2016

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակեց տարվա լավագույն սամբիստների 10-նյակը. մրցաշրջան 2016-ում լավագույնը Վաչիկ Վարդանյանն է

Օրերս, ավանդույթի համաձայն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակեց տարվա լավագույն սամբիստների 10-նյակը: Ի՞նչ սկզբունքներ են գործում, ինչպե՞ս է ընտրվում ցանկը. հարցեր, որոնց պատասխանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: -Արդեն քանի տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է մրցաշրջանի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների անունները և դրանք դասակարգում՝ բացառապես մարզական տարվա ընթացքում գրանցած արդյունքներով: Մեր ֆեդերացիայի գործկոմը մշակել է հատուկ սանդղակ, ուր միջազգային մրցաշարերի համար հատուկ գործակիցներ են նշվում: Մեր մարզաձևի պարագայում, բնական է, որ բոլորից շատ միավոր տրվում է աշխարհի առաջնության առաջին տեղը գրաված մարզիկին, ապա՝ Եվրոպայի չեմպիոնին, այնուհետև երիտասարդների առաջնությունների հաղթողներին՝ աշխարհի և Եվրոպայի, և այսպես շարունակ: Այսինքն լավագույն տասնյակը որոշվում է բացառապես արդյունքներով և որևէ մեկի անձնական համակրանքը կամ որևէ այլ նախապատվություն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ: Ցավոք, Մրցաշրջան 2016-ում սամբոյի աշխարհի չեմպիոն չունեցանք և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վաչիկ Վարդանյանը, ով արծաթե մեդալների արժանացավ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, ինչը, համաձայնեք, բավական բարձր արդյունք է: Ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնող սամբիստներն այս տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցին 28 մեդալ, որից 1 ոսկե, 11՝ արծաթե, 16՝ բրոնզե: Մեր 10-նյակում, ինչպես նկատում եք, բացառապես միջազգային բարձր մակարդակի մրցումներում մեդալների արժանացած մարզիկներ են: Մի փոքր, եթե թույլ կտաք, Վարիկ Վարդանյանի մասին: Ինչպես գիտեք նա մեր ամենավաստակաշատ մարզիկներից է, ժամանակին արժանացել է և աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, քանիցս դարձել է մրցանակակիր: Այս տարի նա փայլեց, հատկապես աշխարհի առաջնության ընթացքում, որն անցկացվում էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Թեև, ճիշտ է, նա չարժանացավ ոսկե մեդալի, բայց հատկապես տպավորիչ էր եզրափակիչ դուրս գալու համար մղված գոտեմարտը, երբ հանդիպելով բուլղարացի, ի դեպ, նույնպես աշխարհի չեմպիոն մարզիկի հետ, կարողացավ իսկապես քաջություն դրսևորել և հաղթահարել ոչ միայն բազմահազարանոց մարզադահլիճի ճնշումն ու մրցավարների բացահայտ կողմնապահությունը, այլև՝ հաղթանակ կորզել, այսպիսով՝ ևս մեկ անգամ բարձր պահել թե՛ հայկական սամբոյի, թե՛ հայկական սպորտի անունը: Վաչիկի մարզական տոկունությունն ու մրցավարների միակողմանի պահվածքն այնքան ակնհայտ էին, որ առաջնության գլխավոր մրցավարի տեղակալ, եվրոպական սամբոյի մրցավարական կոլեգիայի նախագահ բուլղարացի Իվան Նետովը, ստիպված էր մրցապայքարից հետո հրապարակավ ներողություն խնդրել հայկական պատվիրակությունից՝ կանխելով մեր՝ պաշտոնական բողոք ներկայացնելու մտադրությունը: Հայ մարզիկն այդ օրն իրավամբ հերոս էր, տարած հաղթանակը՝ ոսկուց էլ թանկ: Նրա ցուցաբերած կամքը և բարձրակարգ մարզիկին հատուկ հատկանիշները կարող են օրինակ ծառայել ցանկացած մարզաձևում, ցանկացած մարզիկի համար: Այո, Մրցաշրջան 2016-ում լավագայունը Վաչիկ Վարդանյանն էր, իսկ տարին, ընդհանուր առմամբ վատը չէր: Վերը նշված 28 մեդալին կարող եք գումարել նաև ուսանողների աշխարհի առաջնության արծաթը, դեռահասների աշխարհի առաջնության երկու արծաթն ու մեկ ոսկին, աշխարհի գավաթի խաղարկության մեկ ոսկին, երկու արծաթն ու մեկ բրոնզը, 7 այլն: Հատկապես, ուրախալի է նաև մեր նոր սերնդի հաջողությունը. Եվրոպայի առաւնության թիմային հաշվարկով մեր երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 3-րդ, պատանեկան հավաքականը՝ 4-րդ հորիզոնականը: Համոզված ենք, լավ աշխատանքի դեպքում հաջորդ տարի կունենաք էլ ավելի լավ արդյունքներ: [b]Հայաստանի սամբոյի ֆեդերացիա www.sambo.am[/b]

Նմանատիպ նյութեր