211652_close_icon
views-count54065 դիտում article-date 15:27 19-12-2016

«Ավտոմեքենաների տեխզննման կտրոնները կվերանան», հայտարարեց կապի և տրանսպորտի նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը իր ղեկավարման 100 օրվա արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում հանդես եկավ, որում հայտնեց, որ վերացվում են ավտոմեքենաների տեխզննման կտրոնները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը նշեց, որ այդ հարցով կառավարություն առաջարկությունների փաթեթ է ներկայացվել, իսկ ճանապարհային ոստիկանները օնլայն եղանակով կհետևեն, թե արդյո՞ք ավտոմեքենաներն տեխզննում, թե ուղղակի կտրոնը գնել են։ Խոսելով Հայաստան-Իրան երկաթուղային գծի շինարարական աշխատանքների մասին՝ Վ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ նված աշխատանքները մտապես ուշադրության կենտրոնում են լինելու: Մշակվել է նաև բիզնես պլան: Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտին, ապա նա նշեց, որ այդ հարցով ևս կառավարությանը առաջարկությունների փաթեթ է ներկայացվել: Իսկ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց նախարարության 2016 թվականի ու իր պաշտոնավարման 3 ամսվա գործունեության արդյունքները: Խոսելով ճանապարհաշինության ոլորտի մասին, նախարարն անդրադարձավ 2016 թվականի ընթացքում պետբյուջեի հատկացումներով և վարկային միջոցներով ֆինանսավորված հիմնանորոգման և ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» շարունակվում է բնականոն հունով: Արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: Թալին-Լանջիկ- Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ: Մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների: Շարունակվում է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը: «Սեպտեմբերի կեսից աշխատանքները մեկնարկել են ու ընթանում են պլանի գերակատարմամբ: Չնայած եղանակային պայմաններին, հիմա էլ շարունակվում են շինարարական աշխատանքները»,- նշեց նախարարը: Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ: ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետի մասնակցությամբ տրվել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրի մեկնարկը: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ: Ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում (Սարավան, Սիսիան և Ֆիոլետովո) անվտանգությունն ապահովելու նպատակով արդեն տեղադրվել են շուրջ 800 գծ/մ արգելափակոցներ: Սկսվել է նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրումը, քարտեզագրումն ու թվայնացումը: «Սա թույլ կտա լիարժեք վերահսկողություն իրականացնել ճանապարհների որակի, անվտանգության տարրերի ու երթևեկության այլ բաղադրիչների վրա»,- պարզաբանեց նախարարը: Ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ: «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում տեղադրված համապատասխան համակարգով հնարավոր է հետևել աշխատանքների ընթացքին և հսկել ծախսերի արդյունավետությունը։ Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային համակարգ, հավաքել մեքենաների տեխզննության մասին տեղեկատվությունը տվյալների առցանց շտեմարանում, որը հասանելի կլինի ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի: Նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում նաև ներմարզային և ներքաղաքային երթուղիների լիարժեք սպասարկման հարցը: Ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքները երթուղային ցանցում ներառելու առաջարկությունների փաթեթն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: ՀՀ ԱԺ-ն 2016թ. ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական փոփոխություններ: Բարեփոխումների նպատակն է բարձրացնել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակն ու որակը: Մեկնարկել է էլեկտրոնային եղանակով լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, որի շնորհիվ կկրճատվի գործընթացի համար պահանջվող ժամանակը: Տրանսպորտի ոլորտում նախարարության գլխավոր ձեռքբերումներից մեկը Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն է: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալը: 2016թ. դեկտեմբերի 7-ին ԵՏՄ տրանսպորտի նախարարների խորհրդակցությունում քննարկվել է անդամ–պետություններում «կաբոտաժային փոխադրումների» իրականացման ընթացքը: Ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ փոխադրողներին անդամ–պետությունների տարածքում հիմնական փոխադրումն ավարտելուց հետո իրականացնել մեկ «կաբոտաժային փոխադրում» հետադարձ ուղղությամբ: Դա կընդլայնի ԵՏՄ տարածքում միջպետական բեռնափոխադրումների շրջանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս արդեն կան գրանցված ձեռքբերումներ: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները: «Մեր խնդիրն է ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարները իրագործելու համար: Նրանց հարկային արտոնություններ տալը քայլերից մեկն է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը: Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` նախարարն ընդգծեց «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրված «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը։ «Այս ծրագիրը պետական մասնավոր համագործակցություն է` ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն»,- ասաց նախարարը: 2016թ-ի ընթացքում հաստատվել է ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու բանակցությունների մանդատը: Համաձայնագրով նախատեսվում է բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա: «ԵՄ ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթ իրականացնել դեպի Հայաստան»,- մեկնաբանեց Վահան Մարտիրոսյանը: Անդրադառնալով աշխատանքի թափանցիկությանը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները: «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2016թ. նոյեմբերին ստացվել է շուրջ 3500 հեռախոսազանգ: Քաղաքացիները օպերատիվ տեղեկացել են հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև իրենց գրությունների և նամակների ընթացքին: Բացի այդ, նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել են ոլորտների պատասխանատուների հետադարձ կապի տվյալները: Քաղաքացիները կարող են անմիջական կապ հաստատել և ներկայացնել իրենց հարցերն ու առաջարկությունները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր