211652_close_icon
views-count1574 դիտում article-date 21:34 15-10-2015

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Իրանի տրանսպորտի և ճանապարհների նախարարին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Համիդ Բեհբահանին: Ողջունելով իրանցի պաշտոնակցին՝ Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ երկկողմ այցերն ու սերտ համագործակցությունը կակտիվացնեն հայ-իրանական գործընկերությունը տրանսպորտի ոլորտում՝ նշանակալի շահ բերելով երկու պետությունների տնտեսություններին: «Մեր ժողովուրդներն աշխարհին հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ մեծ փորձով, այդ հանգամանքը ևս մեր երկկողմ հարաբերություններում պետք է գերակշիռ լինի»,- նշեց նախարարը: Համիդ Բեհբահանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց Հայաստանի ու Իրանի միջև արդեն գոյություն ունեցող բազմամյա բարիդրացիական կապերն ու գործնական շփումները:«Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ և մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է դրանք խորացնենք: Այս հանգամանքը ավելի է հեշտացնում մեր աշխատանքը: Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև Սև ծով»,- ասաց Իրանի իսլամական հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարը: Հանդիպման ընթացքում՝ նախարարներն անդրադարձան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ինչպես նաև ավտոմոբիլային բարձրակարգ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման գործում: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը իրանցի պաշտոնակցի կողմից հրավեր ստացավ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ առաջիկայում անպայման կնախատեսի նման այց:

Նմանատիպ նյութեր