1300 դիտում
19:26 20-12-2016
ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ շարունակական հսկողությունն ու բուժման իրականացումը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ կարևորելով հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ շարունակական հսկողությունն ու բուժման իրականացումը։
2015 թվականի ընթացքում ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ծանր հանցագործություններ կատարվել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից։
Ընտանիքի անդամների կողմից կատարված սպանություններով քննված քրեական գործերից 2015 թվականին դատարան է ուղարկվել 13 քրեական գործ, որոնցից 6-ը՝ մեղադրական եզրակացություններով, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով։
Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրության մեջ մասնավորապես նշվում է.
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը ներառում է հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն, կամ հոգեբուժական փորձաքննություն, կամ բուժում, կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում:
2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը մանրամասնում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության գործընթացը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև հսկողական մեխանիզմներին:
Նշված 7 քրեական գործերից 4-ով քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք մինչ այդ արարքը կատարելն արդեն հաշվառված են եղել տարբեր հոգեբուժական հաստատություններում՝ որպես հոգեկան հիվանդներ, սակայն նրանց նկատմամբ շարունակական հսկողություն և բուժում չի իրականացվել:
Անհրաժեշտ հսկողության բացակայությունը պայմաններ է ստեղծում հոգեկան խանգարումով տառապող հիվանդների կողմից
կատարել ծանր հետևանքներ առաջացնող հանրորեն վտանգավոր արարքներ, անգամ կյանքից զրկել իրենց ընտանիքի անդամներին:
Հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով՝ խնդրվում է հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը քննարկել նշված դեպքերը և հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ իրականացնել շարունակական հսկողություն և բուժում»:
Նախարարին ներկայացվել է նաև կոնկրետ դեպքերը նկարագրող համառոտ տեղեկանք։
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
40222 դիտում
14:32 19-05-2017
Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»