211652_close_icon
views-count1820 դիտում article-date 14:06 30-12-2016

Աշակերտական խորհուրդներն ամփոփում են տարին

Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ղեկավարների հավաք, որի ընթացքում ամփոփվել են աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության 2016թ. աշխատանքները։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Երևանում, նաև մարզերի ավագ դպրոցներում ձևավորվել ու գործում են աշակերտական խորհուրդներ։ Առաջիկայում նպատակ է դրվել ստեղծել աշակերտական խորհուրդների ցանց։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ձևավորվել և այս տարի ամռանը գրանցվել է «Աշակերտների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, որն արդեն իսկ դարձել է Եվրոպայի աշակերտների ասոցիացիայի դիտորդ անդամ։ Աշակերտների հայկական ասոցիացիայի նախագահ Ելենա Փիլիպոսյանը նշում է, որ այս անդամակցումն ավելի մեծ հնարավորություն կտա շփվելու և հաղորդակցվելու այլ երկրների աշակերտական կառույցների հետ, իրականացնելու փորձի փոխանակում։ Նշենք, որ տարվա ընթացքում անցկացվել է «Ես աշակերտ եմ» խորագրով վերապատրաստման ծրագիր, որի շրջանակներում դպրոցներում ներկայացվել է, թե ինչ գործառույթներ, նպատակներ, խնդիրներ ունեն աշակերտական խորհուրդները։ Բացի այդ, Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համագործակցաբար աշակերտական խորդուրդների նախագահների համար իրականացվել են «Ես առաջնորդ եմ» խորագրով դասընթացներ։ Դեկտեմբերի 28-ին դասընթացի մասնակիցներին հանձնվեցին նաև ավարտական հավաստագրեր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ աշակերտական խորհուրդների հետ տարվող աշխատանքն ունի մի նպատակ՝ աշակերտներին փոխանցել բոլոր այն հմտությունները, որոնք հետագայում նրանց կօգնեն մասնագիտական կյանքում, երկիրը զարգացնելու գործում։ Կարեն Ավագյանը կարևորեց հասարակական աշխատանքը։ «Ուրախ եմ, որ դուք հասարակական աշխատանքը սկսել եք վաղ տարիքում, և հուսով եմ, որ այն վարակիչ կդարձնեք ձեր շրջապատում։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի դուք հասարակական գործունեությունից երբեք չհրաժարվեք։ Հասարակական գործունեությունն է, որ կարողանում է ձևավորել իսկական քաղաքացու»,- ասաց Կարեն Ավագյանը՝ շեշտելով, որ հասարակական գործունեությունը պետք է զուգորդվի լավ կրթությամբ։ Կարեն Ավագյանը պատասխանեց նաև աշակերտների տարաբնույթ հարցերին։ Նշենք, որ հանդիպման ընթացքում ներկաներն իրենց խոնարհումը բերեցին երեկ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր