211652_close_icon
views-count25676 դիտում article-date 16:00 05-01-2017

Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան. ՀՀ ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան: 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը): Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր