211652_close_icon
views-count7084 դիտում article-date 20:25 11-01-2017

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

2004 թվականից առ այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացմամբ նպաստում էր անչափահասների, այդ թվում` թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը: Կրթահամալիրը տարիներ շարունակ իր սաներին նախապատրաստել է ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց շրջանում ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների և վարժարանի սաները, 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջազգային հավաքների, մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք: Վարժարանի հիմնական խնդիրներից է ռազմական ուսումնական հաստատությունների համար դիմորդներ պատրաստելը: Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ: «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Շարահրապարակում նրանց ողջունել է վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, այնուհետև հայկազունները վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ անցել են բուժզննում, ստացել անկողնային պարագաներ, ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմամարզական վարժարանի առօրյայում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/20/104582/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական շրջանում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում նորից սաները բողոքի ակցիա էին արել: Երեխաները այս անգամ դժգոհ էին ոչ թե կրթահամալիրի տնօրենից, այլ նրանց տեղեկացրել էին, որ կրթահամալիրը միացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր