211652_close_icon
views-count3137 դիտում article-date 19:41 17-01-2017

ԱԻՆ-ը կիրականացնի հրդեհատեխնիկական հետազոտություն կարգադրագրեր ստացած հարյուրից ավել բենզալցակայաններում

Առաջիկա օրերին, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ, նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ և ուսումնասիրություններ կիրականացնի կարգադրագրեր ստացած 100-ից ավել բենզալցակայաններում, հետազոտությունները կմեկնարկեն Երևանում, այնուհետև՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, որոշ դեպքերում էլ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում: Որոշում էր կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ. հունվարի 15-ը՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտները ստացել էին կարգադրագրեր՝ կոնկրետ նշված թերություններով, և դրանց տրվել էր վերջնաժամկետ՝ բացթողումները վերացնելու համար: Հիշեցնենք, որ բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից էին. • բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, • արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով, • բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը, • օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով, • էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն և այլն: Նշենք, որ ի պատասխան ԱԻ նախարարության տված կարգադրագրերի՝ արդեն որոշ տնտեսվարող սուբյեկտներ գրություն են ներկայացրել նախարարություն՝ արձանագրված թերությունները վերացնելու կապացությամբ:

Նմանատիպ նյութեր