211652_close_icon
views-count97841 դիտում article-date 21:36 20-01-2017

Այս երկրում պետք է գործեն օրենքները և ոչ թե կապերն ու հեղինակությունները. սկսվել է հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատաքննությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գիտեմ, որ շատ-շատերն են հետևում ամուսնուս սպանության քննության գործին՝ թե՛ լրատվամիջոցներ, թե՛ սպանվածի ու սպանողների ընկերներ ու հարազատներ, թե՛ այս երկրի ապագայով մտահոգված մտավորականներ, գիտնականներ, արվեստի գործիչներ և թե՛ ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ: Եվ դա բնական է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իմ պայքարի մեջ տեսնում է մի մտահոգություն. այս երկրում Սահմանադրությունը սոսկ բառերի կույտ ու նախադասությունների շարան չպիտի լինի, որ այս երկրում ապրող ամեն մի ազնիվ ու աշխատավոր մարդ նաև անվտանգ ապրելու՝ տնից դուրս գալու, խանութ մտնելու, մեքենա վարելու, փողոցում կանգնելու երաշխիքներ պիտի ունենա: Այս երկրում պետք է գործեն օրենքները և ոչ թե կապերն ու հեղինակությունները: 2017թ. հունվարի 18-ին՝ ժամը 4 –ին, նշանակված էր 2016 թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության դատաքննության առաջին նիստը: Մասնակից- ները պատշաճ ծանուցված չէին, ուստի որոշ անձանց բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Ես ևս կարող էի չգնալ նույն պատճառաբանությամբ: Բայց չգնալ չկարողացա... [b]Նախաքննության մասով[/b]: Գործի քննությունը հանձնարարվեց Հատուկ քննչական ծառայությանը՝ սպանությանը մասնակից անձանցից մեկի՝ խաչիկ կոսյանի /չմտածեք, թե ուղղագրական սխալ եմ թույլ տվել/՝ ԴԱՀԿ-ի աշխատակից լինելու պատճառով: Ես ճանաչվեցի ամուսնուս իրավահաջորդ, որն ինձ իրավունք էր վերապահում տեղյակ լինել գործի բոլոր հանգամանքներին: Ամուսնուս մայրը ևս ճանաչվեց տուժող. սպանության մասնակիցները նրան ևս հարվածել էին, հրել գցել գետնին, ինչի հետևանքով էլ նա ստացել էր միջին ծանրության վնասվածքներ: Իմ առաջին արձագանքը Հանրապետության Նախագահին, իսկ երկրորդ արձագանքը գիտնականների ու մտավորականների կողմից հանրապետության դատախազին, ՀՔԾ-ի ղեկավարին ուղղված նամակները եղան: Այդ նամակները ներառված են նախաքննության նյութերում, և ոչ միայն դրանք: Նախաքննության ավարտի մասին ինձ ասվեց նոյեմբերի երեսունին: Ճակատագրի դաժան հեգնանք. հաջորդ օրը՝ դեկտեմբերի մեկը, մեր ամուսնության տարեդարձն էր: Նախաքննության արդյունքներն ինձ բավարարում են. կատարվել է մանրակրկիտ ու հետևողական աշխատանք, որի արդյունքում բացահայտվել են սպանության հինգ մասնակիցները, վեցերորդն առայժմ ազատության մեջ է: Ամբողջ մեկ ամիս մանրամասն ծանոթացել եմ նախաքննական մարմնի՝ ինձ տրամադրած նյութերին՝ տասնմեկ հատորում ամփոփված, գաղտնազերծված հեռախոսային խոսակցու- թյուններին, փորձաքննությունների արդյունքներին, մեղադրական եզրակացություններին: Ես այժմ առավել քան համոզված եմ, որ կալանավորված հինգ անձինք էլ եղել են դեպքի վայրում, ակտիվ մասնակցել ոհմակային սպանությանը: Դրա համար նախաքննական մարմինները բավարար ապացույցներ հավաքել և ներկայացրել են: Այլ հարց է, որ նրանք բոլորը ստում են, փորձում մտացածին ու հակասական ցուցմունքներով փրկվել պատասխանատվությունից: Ամբաստանյալներից մեկի հայրը գնում է այսպես ասած վա բանկ՝ ընդհուպ հեռուստաեթերով վենդետայի մասին ճամարտակելով. Փորձում եմ հասկանալ թոշակառու դահկական գնդապետին. որդին է, որի համար նա արել է կյանքում ամեն ինչ, և իհարկե չէր ցանկանա դարձյալ տեսնել որդուն մեղադրյալի աթոռին: Մխիթարվե՛ք, հարգելի՛ գնդապետ, ըստ նախաքննության տվյալների՝ ձեր որդին վթարված մեքենան տեղափոխելիս հեռախոսով ինչ-որ մեկին հրահանգներ տալիս ամենից առաջ անհանգստացել է, որ դուք չիմանաք իր կատարած վթարի մասին: Երևում է՝ հասկացել է, որ ձեզ շատ անհանգստություններ է պատճառել: Ուր մնաց թե նույն գիշեր կատարած սպանության մասին պատմեր:Միայն այդ գիշեր դուք, կարծում եմ, փորձել եք հավատալ ձեր որդուն, ու հիմա... Բայց այդ մասին հաջորդ անգամ: Չշեղվենք: Որոշ լրագրողներ /ուրախ եմ, որ դրանց թիվը չնչին է/ փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ նշելով, որ ամբաստանյալների մեջ կան անմեղ մարդիկ, որ մենք արհեստականորեն ուռճացնում ենք մասնակիցների քանակը, որ ..., որ..., բայց վա՜յ լրագրողական այդ ինքնատիպ վերլուծությունները ես թողնում եմ իրենց խղճին: Ես և իմ ընտանիքը մեղավոր չենք, որ սպանությունը կատարել են վեց հոգի. մեզ համար /կարծում եմ՝ հասկանալի է/ ավելի մխիթարական կլիներ, որ իմ ամուսնուն հարվածներ հասցրած լինեին ոչ թե վեցը, և որ ամուսնուս ստացած քսան հարվածներից գլխի մահացու հարվածները լինեին ոչ թե տասնմեկը ... Չշարունակեմ, դուք բոլորդ դա ինձանից ոչ պակաս լավ գիտեք: Բայց իրականությունը առավել քան դաժան է: Դաժան է նախ և առաջ մեզ համար, որ ցմահ դատապարտված ենք ապրելու այս ծանր վիշտը մեր սրտում: Իսկ այժմ արդեն իրականությունը դաժան է այն կալանավորված տղաների համար, ովքեր հունվարի տասնութին դատարանի դահլիճ մտան ամբարտավան ու հպարտ կեցվածքով, ու նստեցին... մեղադրյալի աթոռին. ասես սահմանամերձ տարածքներում կատարած մարտական ծառայությունից էին վերադառնում: Ասեմ, որ այդ ամբաստանյալ տղաներից չորսը չեն ծառայել բանակում, ազատվել են ինչ-ինչ պատճառներով, բայց զարմանալիորեն առողջ կենսակերպ են վարել, դարձել թաղի «լավ» տղերք: Իսկ դրանցից մեկը՝ յուրի հակոբյանը, թեև ծառայել է բանակում, սակայն հասցրել է այնտեղ խուլիգանություն կատարել ու դատվել. իհարկե, դատվածությունն արդեն մարվել է, ինչպես մյուս երկուսի՝ արարատ նիկողոսյանի և խաչիկ կոսյանի դատվածություններն են համարվում մարված: Ըստ նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների՝ ամբաստանյալները եղել են ալկոհոլ օգտագործած, իսկ տոքսիկաքիմիական փորձաքննությունն էլ հաստատել է նրանց բոլորի արյան մեջ թմրանյութի առկայություն: [b]Փաստաբանների մասով[/b]: Իրավահաջորդ ճանաչվելու հենց առաջին օրը ես հայտարարեցի, որ փաստաբանի կարիք չունեմ: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ամուսնուս մոր՝ տուժող Էմմա Աբրահամյանի շահերն է ներկայացնում: Ինձ թվում էր /ինչպիսի՜ միամտություն/, որ ոչ մի փաստաբան չի կանգնի այս մարդասպանների կողքին: Չարաչար սխալվում էի: Յուրաքանչյուրի կողքին այսօր կանգնած են մեկ և ավելի փաստաբաններ, և ամեն գնով փորձ է արվում հենց նրանց կողմից գլխիվայր շրջել որոշ հանգամանքներ: Ասենք, եթե Եղիշե Խաչատրյանը արդեն այլևս չկա, ապա ինչո՞ւ չասել, որ նա է եղել կռիվ հրահրողը, հայհոյանք տվողը: Հետո ինչ, որ շատ վկաներ ցուցմունք են տվել հենց տղաների հարբածության ու հայհոյանքներ տալու մասին: Ոչինչ չունեմ ասելու. կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց գոնե մարդկային արժեքների ու բարեվարքության կանոնների շրջանակներո՞ւմ: Անուններ առայժմ չեմ տալիս, բայց մի երկու փաստաբան հաստատ իրենց ներկայացրած միջնորդությունների ծավալով կարող են թեկնածուական թեզ պաշտպանել՝ ի ցույց դնելով ոչ միայն իրենց իրավաբանական, այլև հոգեբանական, անգամ բնագիտական /ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն/ գիտելիքները՝ հայցելով կա՛մ իրավաբանի, կա՛մ հոգեբանի, կա՛մ..., կա՛մ-ի գիտական աստիճան: Ի սեր աստծո, մի կո՛ղմ թողեք, հարգելի՛ փաստաբաններ, միջազգային դատավարության փորձն ու օրինակները՝ այսինչն ընդդեմ այսինչի,այնինչն ընդդեմ այնինչի, ու մնացե՛ք ձեր բարձրության վրա: Գաղտնալսումներում առկա ձեզ վերաբերող նյութը առնվազն պետք է վիրավորեր ձեզանից յուրաքանչյուրին: Չէ՛, հաստատ մի Հիպոկրատի երդում էլ ձեզ է անհրաժեշտ: Սպանել են Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու, սպանել են ոհմակով, մարդկային բնազդներից դուրս դաժանությամբ: Դեպքի վայրում ներկա մայրը ասել է, որ նրանց բոլորին ինքը հիշելու է ու ճանաչելու, և ճանաչման ներկայացվածներից չորսին ճանաչել է՝ առերեսումների ժամանակ առավել քան համոզվելով, որ ինքը ճիշտ է ճանաչել: Իսկ դուք, փոխանակ այդ մոր կողքին կանգնելու կամ առնվազն հրաժարվելու պաշտպանել այդ ստահակներին, մեջբերում եք կատարում անգամ թուրք փաստաբանի խոսքերից՝ արդարացնելու ձեր պաշտպանյալներին: Դուք աշխատել և աշխատում եք ամենայն ջանասիրությամբ՝ չթերանալով ոչ մի հարցում՝ ամբաստանյալներին խոսել ու կարդալ սովորեցնելու/գաղտնալսումներն են վկայում/, սուտ բողոք ներկայացնելու, վկաներին ամեն գնով ձեր օգտին ուղղորդելու: Հաստատ մեղադրյալների հարազատները չպիտի ափսոսեն իրենց գումարները ձեզ տալու համար. բա թողնեն, որ իրենց «ազնիվ, աշխատասեր, տարեցների հանդեպ հոգատար» զավակները /մեջբերումները իրենց բնութագրերից են /դատվե՞ն նման դաժան հոդվածով: Մի բան միայն ինձ համար մութ է մնում. Ո՞վ է ամենաշահագրգիռն ու շռայլը՝ այդքան առատորեն փաստաբաններ հավաքագրելու: Ամբաստանյալ արթուր զաքարյանը ձերբակալվելիս դիմում է ներկայացնում, որ նյութական միջոց չունենալու պատճառով խնդրում է՝ իրեն տրամադրեն հանրային պաշտպան. տրամադրվում է անմիջապես, բայց հաջորդ իսկ պահին նրա կողքին հայտնվում է փաստաբան, որն անմիջապես անցնում է իր պարտականությունների կատարմանը՝ արդեն իսկ լրատվամիջոցներում հայտարարելով, որ իր պաշտպանյալը անմեղ է: Մի՞թե պարզ չէ, որ ինչ–որ մեկին շատ է անհրաժեշտ արթուրի լռելը կամ սուտ խոսելը. իսկ նպատակն արդարացնում է միջոցները, ու, տեսնելով ձեր այս ուղղորդված խմբակային աշխատանքը, քիչ է մնում Ձմեռ պապի գոյությանն էլ հավատամ: Միայն մի բան, հիշե՛ք, հարգարժան փաստաբաններ, ոչ թե կույրն է կույր, այլ նա, ով չի ուզում տեսնել: Իսկ վերջում ասեմ նաև, որ հրաժարվող փաստաբաններ էլ են եղել: [b]Քաղաքացիական հայցի մասով[/b]: Որպես տուժող կողմ և իրավահաջորդ՝ ներկայացրել եմ երեսուն միլիոն դրամի բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Եթե ոմանց կարող է թվալ, թե շատ եմ ուզել, ուզում եմ հակադարձել՝ շատ քիչ եմ պահանջել: Մեր բարձրագույն Օրենքում ամրագրված է, որ մարդն է գերագույն արժեք: Իմ ամուսինն աշխատում էր, մշակում վեց հեկտարից ավելի այգիներ, դրանց վրա ներդրումներ, ծախսեր էր կատարում, վարկ վերցնում: Յուրաքանչյուր տարվա՝ իմ ամուսնու կոշտ եկամուտը յոթից տասը միլիոն դրամ էր կազմում: Այդ եկամուտի մեծ մասը նա ներդնում էր իր նորատունկ այգիների ու ջերմոցների վրա: Առնվազն տասը տարի նա դեռ ունակ էր աշխատելու և եկամուտ ապահովելու: Նա առողջ տղամարդ էր, իսկ նրան բռնի զրկեցին կյանքից, ապրելու և աշխատելու իրավունքից: Նրա մայրը կորցրեց իր կերակրողին: Տասը տարում նա կաշխատեր նվազագույնը հարյուր միլիոն դրամ, մինչդեռ ես պահանջել եմ ընդամենը երեսունը: Դա էլ, քավ լիցի, ոչ իմ ընտանիքի առօրյա ծախսերի համար: [b]Արդարության մասով[/b]: Ինձ իմ կոլեգաներից շատերը հարցնում են՝ հավատո՞ւմ եմ արդարության հաղթանակին: Պատասխանեմ մի փոքր հեռվից: Շատերը կասկածում էին ի սկզբանե: Ասում էին՝ կգտնեն խեղճուկրակ մեկ- երկուսին, կկոտրեն նրանց գլխին ու կփակեն գործը: Նախաքննությունն ավարտվեց, ՀՔԾ-ն տվեց բացառիկ հարցազրույց՝ ներկայացնելով բոլոր մեղադրյալներին ու գործին առնչվող ապացույցներն ու հանգամանքները: Ավելին, գաղտնալսումները բացահայտեցին մի նոր հանցագործություն՝ թմրանյութի իրացում և օգտագործում: Առանձնացվել է նոր վարույթ: Ոմանք էլ ասացին, որ քննչական համակարգերում արդեն կա որոշակի առաջընթաց, արդարություն, օբյեկտիվ քննություն, մինչդեռ դատական համակարգում բացեր շատ կան: Չեմ ուզում մտածել այդ բացերի մասին: Հունվարի տասնութի դատական առաջին նիստին ես գնացել եմ միայն իմ զավակների հետ, արգելել եմ բոլոր ցանկացողներին գալ ինձ հետ, մինչդեռ դատական նիստերի դահլիճում մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ ամբաստանյալների հարազատներն ու ընկերները: Նրանց էլ եմ փորձում հասկանալ: Ծանր հոդվածներ են դրված յուրաքանչյուրի վրա: Ցանկանում եմ, շատ եմ ցանկանում, որ լինի արդար դատավարություն. Մեր հանրությանը այսօր դա շատ է հարկավոր: Եվ որպեսզի արդարությունը հաղթանակի, ես կոչ եմ անում յուրաքանչյուրիդ կանգնել իմ և իմ ընտանիքի կողքին: Ինձ դատարանում ուժ կտա ձեզանից յուրաքանչյուրի խոսքն ու քաջալերումը: Միասին տեր կանգնենք մեր իրավունքներին: Իմ պայքարը միայն իմ ամուսնու համար չէ, այլ բոլոր նրանց, ովքեր ունեցել են իրենց կորուստները, պայքարենք միասին ընդդեմ բոլոր տեսակ բռնությունների: Եթե իմ պայքարի արդյունքում թեկուզ մի քանի հափրացած երիտասարդներ ու նրանց ծնողները կզգաստանան ու նման իրավիճակներում զսպվածություն, հանդուրժողականություն հանդես կբերեն, ուրեմն մեր պայքարն իզուր չէ: [b]Ձեր աջակցությունն ակնկալող Փառանձեմ Մեյթիխանյան:[/b] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/05/87087/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2016թ.-ի հուլիսի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Նուբարաշենի խճուղի, որտեղ Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը մահացել էր մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր