Սպիտակում շաուրմայից թունավորված 12 բնակիչների մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ. ԱՆ
Օրերս Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ` «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Լոռու մարզպետարանի մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդները կերել են Լոռու մարզի հանրային սննդի միևնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա:
Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:
Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար»,-նշվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: