211652_close_icon
views-count2197 դիտում article-date 19:04 01-02-2017

Կառավարությունը կոռուպցիան վերացնելու պայքարում օգտագործելու է նոր գործիքներ. Սուրեն Քրմոյան

«Կանգնեցնեք կոռուպցիան» տեղեկատվական արշավը նպատակ ունի մեր հասարակությանը տեղեկացնել կոռուպցիայի բացասական հետևանքների, ինչպես նաև՝ այդ ուղղությամբ կառավարության կողմից ծրագրված և գործադրված ջանքերի մասին: Այս մասին այսօր «Կոռուպցիայի դեմ իրազեկման արշավի» մեկնարկային ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կոռուպցիան բացասաբար է ազդում տնտեսական զարգացման, մարդու իրավունքների, ինչպես նաև՝ ներդրումների համար միջավայր ստեղծելու վրա»,- ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հետևողական և հստակ քայլեր է ձեռնարկում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ: «Արդեն քրեականացրել ենք անհիմն հարստացումը, սահմանափակել ենք կանխիկի շրջանառությունը: Արդեն մշակվում է ինստիտուցիոնալ համակարգի մոդել: Մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելիչ անկախ մարմին պետք է ստեղծվի: Հստակ մեխանիզմներ են սահմանված գնումներին մասնակցող ընկերությունների համար՝ ապահովելու իրական մրցակցությունը գնումների գործընթացում»,- ասաց նա: Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մտադիր է օգտագործել կոռուպցիան վերացնելու այլընտրանքային միջոցներ և գործիքներ: Նա սպասվող նորարարություններից առանձնացրեց Արդարադատության նախարարությունում ներդրվող Թեժ գիծը, որը կլինի էլեկտրոնային: Փոխնախարարը մատնանշեց Եվրամիության աջակցությամբ ներդրված իրավական ակտերի քննարկման օնլայն հարթակը, որն արդեն հասանելի է: Դրա միջոցով բիզնես համայնքը ևս հնարավորություն կունենա մասնակցել օրենքների մշակմանը: «Որպես լուծում ուզում եմ նշել նաև միասնական սենյակների ներդրումը: Կոռուպցիոն ռիսկերը նաև առաջանում են շփումների ընթացքում: Մենք որոշել ենք պատվիրակել այդ լիազորությունները, և այսուհետ քաղաքացիները կարող են փոստի միջոցով ստանալ պետական ծառայություններ, գրանցել իրավաբանական անձ, փոխել տնօրեն և այլն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր