136866 դիտում
09:19 11-02-2017
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Seat-ը. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Տիգրան Բայադյանի վարած Seat մակնիշի 35 ԼP 019 համարանիշի և Ստեփանավան քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Կարեն Մխոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AՍ 637 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Seat-ի վարորդ Մ. Բայադյանը, նրա ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 37-ամյա Գագիկ Էվոյանը և Volkswagen-ի վարորդ Կ. Մխոյանն ու նրա ուղևորներ՝ Ստեփանավան քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Ռուսլան Պետրոսյանը, Լոռու մարզի Արմանիստ գյուղի բնակիչ, 10-ամյա Վլադիմիր Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի մյուս ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 63-ամյա Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել նաև նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ղազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ֆահրադյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրանց հիվանդանոց են ուղեկցել Լոռու մարզի ոստիկանապետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։
Փրկարարներն ու ոստիկանները ավտոմեքենայի միջից դուրս են բերել դին, և այն Ստեփանավանի շտապօգնության բժիշկները, ովքեր նույնպես գործել են օպերատիվ, տեղափոխել են Ստեփանավանի դիահերձարան։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սերոբյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննիչ Թ. Շուշանյանի կարգադրությամբ և ՀԿԳ ավագ քննիչ Սերոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Պետրոսյանն ու Վ. Պետրոսյանը հայր ու որդի են, իսկ Վ. Պետրոսյանը սովորում է Արմանիստ գյուղի դպրոցի 3-րդ դասարանում։
ՀԿԳ ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+