211652_close_icon
views-count85894 դիտում article-date 13:33 22-02-2017

Արտակարգ դեպք Երևանում. ԵՊՀ-ի ուսանողը, վտանգելով իր կյանքը, կանխել է բնակարանային գողությունը, իսկ գողերին հենց «որջում» բռնել է ոստիկանության ավագ սերժանտը

Երեկ՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարտուն Վարդանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է հանցագործների վնասազերծել։ Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի աշխատակիցների հետ Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեորգի Պերելադովին և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Տիգրանյանին։ Պարզվել է, որ Մ. Վարդանյանը Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է Գ. Պերելադովին և Կ. Տիգրանյանին գողություն կատարելիս։ Վերջիններս էլ, տեսնելով, որ Մ. Վարդանյանը մոտենում է նրանց, նրանցից մեկն իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մ. Վարդանյանի դեմքին ու դիմել փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ բնակարանագողերի փախուստը կանխվել է 25-ամյա Էդգար Կուրղինյանի կողմից, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և ՀՁՊ գնդի 3-րդ գումարտակում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում քննիչ Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Գ. Պերելադովն ու Կ. Տիգրանյանը ձերբակալվել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ մասնագետների հայտարարության, մի փոքր հապաղելու դեպքում վիրավորը, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Վարդանյանը սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր