211652_close_icon
views-count44678 դիտում article-date 22:02 15-09-2023

Արտակարգ դեպք Երևանում հայտնի «Զոքանչի լեզու» անունը ստացած շենքում. ՊԾ ավագ տեսուչը, վտանգելով իր կյանքը, ապացուցեց՝ պետք է լինել նաև «օպերատիվնիկ», բնակարանային գողության փորձ կատարողներից մեկը չկարողացավ ճողոպրել նրանից

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ ղեկավար կազմի հետ հանդիպումներում միշտ փոխանցում է ներկաներին, որ լավ պարեկը պետք է լինի նաև լավ «օպերատիվնիկ», աչքի ընկնի ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, ունենա բարոյական հատկանիշներ և լավ տիրապետի իրավական գործընթացին, ինչի արդյունքում էլ այդ ամենից առաջին հերթին կշահի հասարակությունը և հետո Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը: 

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը հերթական անգամ ապացուցեց, որ Պարեկային ծառայությունում կան իր նման բազմաթիվ պրոֆեսիոնալ, գործին նվիրված, ֆիզիկական պատրաստվածությամբ աչքի ընկնող պարեկներ: Այսօր՝ ժամը 13:15-ի սահմաններում, Հ. Գրիգորյանը Խաղաղ Դոնի 1-ին՝ ժողովրդին հայտնի «Զոքանչի լեզու» շենքի 12-րդ մուտքի 7-րդ հարկում հետապնդել է բնակարանային 3 գողի և կարողացել է նրանցից 1-ին բռնել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գրիգորյանը 7-րդ հարկի վերելակից դուրս գալով, որն ի դեպ եղել է ոչ աշխատանքային ժամի, նրա հանգստյան օրն է եղել, նկատում է 3 տղամարդու, որոնցից 1-ի ձեռքին բանալիների մի ամբողջ տրցակ է լինում, ով փորձում է բնակչի բնակարանի դուռը բացել: 3-ից 2-ը տեսնելով նրան, 3-րդ անձի հետ դիմում են փախուստի: Հ. Գրիգորյանը հետապնդում է նրանց և արդեն առաջին հարկում կարողանում է նրանցից 1-ին բռնել, ապա ահազանգում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու շատ արագ Խաղաղ Դոնի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Լև Զաքարյանն ու կրտսեր պարեկ Էրիկ Հայրապետյանը մոտենում են դեպքի վայր ու բնակարանային գողության փորձ կատարողին տեղափոխում են Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավագ քննիչ Մերի Միսկարյանի կողմից  դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մանվել Շ.-ն է, ով նախկինում 5 անգամ եղել է դատապարտված, իսկ բնակարանի սեփականատերը, որը նա և իր 2 հանցակից ընկերները փորձում էին թալանել, միայնակ բնակվող կին է, ում աղջիկը բնակվում է Միացյալ Նահանգներում և հավանաբար գողերը իմացել են, որ այդ ժամին բնակարանի տերը գտնվում է իր սեփական առևտրի կրպակում, տանը մարդ չկա և եկել էին իրենց սև գործն անելու, սակայն ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչի գործողությունների արդյունքում «մուրազները փորները մնաց»: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ մյուս 2 հանցակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր