211652_close_icon
views-count2963 դիտում article-date 20:38 04-03-2017

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Պետական բարեփոխումների 3-րդ արդիականացումը Ղազախստանում. հայացք Հայաստանից» խորագրով կլոր սեղան-քննարկում

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ ՍԴ խորհրդական, Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ կազմակերպված քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Բելառուսի, Բուլղարիայի, Չինաստանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններն ու դեսպանատան աշխատակիցները: «Հայաստանի և Ղազախստանի բարեկամական կապերը տարիների պատմություն ունեն, ուստի երկու պետությունների կառավարման համակարգում իրականացվող փոփոխությունների ու արդյունքների միջև զուգահեռներ անցկացնելը և փորձի փոխանակումը կօգնեն խուսափել հետագա սխալներից ու ձախողումներից»,- նշեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը կլոր սեղանի աշխատանքները համակարգելու և դրանց աջակցելու համար: Ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես ընդգծեց երկու երկրների միջև առկա բարիդրացիական կապը և նշեց, որ Հայաստանն ու Ղազախստանը լավ գործընկերներ են ոչ միայն քաղաքական և տնտեսական ոլորտներում, այլև գիտական հարթակում նույնպես ակտիվ փոխգործակցություն է ծավալվում: «Այս քննարկումն իսկապես օգտակար է մեզ համար, քանի որ Ղազախստանի հետ ընդհանուր շահերի ու հետաքրքրությունների մեծ դաշտ ունենք: Ղազախստանը զարգացման բավականին տպավորիչ ուղի է անցել, ուստի ուշադիր հետևում ենք բարեկամ երկրում կատարվող փոփոխություններին և փորձում զուգահեռներ անցկացնել»,- նշեց Արամ Սիմոնյանը: Դեսպան Թիմուր Ուրազաևը խոսեց Ղազախստանի անկախության 25 տարիների մասին, ներկայացրեց զարգացման փուլերն ու հաղթահարած խոչընդոտները: «Այսօր մեր առջև դրված է Ղազախստանի երրորդ արդիականացման գործընթացը: Անհրաժեշտ է ստեղծել տնտեսական աճի նոր մոդել, որը կապահովի մեր երկրի մրցունակությունը համաշխարհային շուկայում: Շատ պետություններ են փորձում նմանաբնույթ խնդիր լուծել: Մենք հաշվի ենք նստում մեր ուժեղ ու թույլ կողմերի հետ, որպեսզի չկորցնենք ներուժը, որը կուտակել ենք այս 25 տարիների ընթացքում»,- նշեց դեսպանը և հավելեց, որ հայ գործընկերներից ակնկալում է ազատ ու թափանցիկ քննարկում, փորձի ու մտքերի փոխանակում: Այնուհետև բանախոսներ Հայկ Բաբուխանյանը, Կարեն Մաթևոսյանն ու Գևորգ Դանիելյանն անդրադարձան Հայաստանում իրականացված և առաջիկայում նախատեսվող քաղաքական և սահմանադրական բարեփոխումների, դրանց անհրաժեշտության ու ակնկալվող արդյունքների, կառավարման համակարգի վերադասավորման, իրավունքների ու պարտականությունների բաշխման հարցին և մի շարք այլ գործընթացների:

Նմանատիպ նյութեր