211652_close_icon
views-count25111 դիտում article-date 23:06 04-03-2017

Գեղարքունիքի մարզի 8 համայնքները սպասարկող ճանապարհահատվածների հիմնանորոգումը կավարտվի ամռանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի ուղեկցությամբ այցելեց Գեղարքունիքի մարզ: Այստեղ շուտով կվերսկսվեն անցած տարվանից մեկնարկած «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով իրականացվող համայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։ Մարզի 8 համայնքներն սպասարկող և ավելի քան 15 տարի հիմնանորոգում չտեսած ճանապարհները դժվարացրել են գյուղացիների կյանքը: Անցած տարի մի քանի ճանապարհահատվածներ նորոգվեցին, այսօր լիարժեք շահագործվում են։ Եղանակային պայմանները բարելավվելուն պես հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն։ «Ամռանը նախատեսվում է ավարտել շինաշխատանքներն ամբողջությամբ»,- վստահեցրեց շինաշխատանքներ իրականացնող «Կապավոր» ընկերության տնօրեն Արման Հակոբջանյանը։ Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում հեռացվել է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և փոխարինվել նորով: Ասֆալտապատմանը զուգահեռ, վերականգնվել են նաև ջրահեռացման համակարգերը: Ականատես լինելով ջրահեռացման խողովակներում հավաքված աղբին՝ նախարարը հորդորեց բնակիչներին բարեխղճորեն շահագործել ճանապարհը։ Ծանոթանալով արդեն կատարված աշխատանքներին` նախարարը տեղ-տեղ հայտնաբերված թերությունների համար նկատողություններ արեց շինարարներին, իսկ Երանոս համայնքի մի ճանապարհահատվածում, որտեղ ակնհայտ ցածրորակ աշխատանք էր կատարված, հրահանգեց քանդել ու կրկին իրականացնել ասֆալտապատումն ընկերության հաշվին: Զոլաքար համայնքի բնակիչները, կարևորելով իրենց ճանապարհի բարեկարգումը, շնորհակալություն հայտնեցին կատարված որակյալ աշխատանքի համար: Սակայն Զոլաքարում դեռ չլուծված է հասարակական տրանսպորտի հարցը։ Ուսանողները Երևանից Մարտունի են գալիս երթուղայինով, սակայն գյուղ հասնել կարող են միայն տաքսիով։ Նախարարը առաջարկեց հարցի հրատապ լուծում։ Նա խոստացավ, որ մասնավոր ընկերության կողմից համայնքին անհատույց կտրամադրվի երթուղային մեքենա։ Գյուղապետն էլ խոստացավ համայնքային միջոցներով շահագործել երթուղին և Զոլաքարի բնակիչներին ապահովել միջհամայնքային տրանսպորտով։ Զոլաքարցիները նաև գյուղի կամրջի հարցը բարձրացրին, «Կապավոր» ընկերության տնօրեն Արման Հակոբջանյանը խոստացավ ընկերության միջոցներով վերականգնել համայնքի երկու թաղամասերն իրար կապող կամուրջը: Իսկ Ծովակի և Մաքենիսի գյուղապետերն իրենց համայքներն իրար կապող անանցանելի ճանապարհի խնդիրը բարձրաձայնեցին։ Նախարարը հայտնեց, որ այս տարվա բյուջեով իրականացնել այլևս հնարավոր չէ, բայց առաջարկեց ժամանակավոր լուծում՝ մինչ եկող տարի հնարավոր լինի այդ ճանապարհը ևս ներառել հիմնանորոգման ծրագրում։ Եղանակը տաքանալուն պես 12 կմ այդ ճանապարհահատվածում աղացած սառը ասֆալտով հարթեցում կկատարվի։ Մաքենիս համայնքի ղեկավարը նաև պատմեց, որ իրենց գյուղում 7-րդ դարի վանք կա, որը նախկինում մեծ հետաքրքրություն էր վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Բայց անբարեկարգ ճանապարհի պատճառով ճարտարապետական կոթողն անհասանելի է մեր երկիր ժամանած հյուրերին։ «Եթե առաջ հարյուրներով էին գալիս, հիմա օրական 2-3 այցելու է ունենում Մաքենիսի վանքը, նրանք էլ ոտքով են անցնում Ծովակից վանք տանող ճանապարհը»,- ասաց Մաքենիս համայնքի ղեկավար Հարություն Մանուկյանը։ Նախարարը խոստացավ հարցը բարձրացնել, և զբոսաշրջության զարգացման ծրագրի համատեքստում փորձել լուծում գտնել։ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով նախատեսված է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտել այս տարվա կեսին։ Արդյունքում ամռանն արդեն Գեղարքունիքի մարզի 8 համայնքների ճանապարհային հարցը կլուծվի` դրանից բխող բոլոր դրական հետևանքներով: Այլ մանրամասներ՝ տեսանյութում... ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր