211652_close_icon
views-count16751 դիտում article-date 13:57 07-03-2017

Միշտ էլ հիշում ենք, որ վերևում Աստված է, ներքևում՝ մայրն, իսկ առջևում՝ պետականությունը. գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Կանանց տոնի առթիվ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ. Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները: Այս գեղեցիկ տոնն է՛լ ավելի է արժեւորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Մարտի 8-ը գարնանային առաջին տոներից մեկը լինելով` նաեւ ազդարարում է կանաց միամսյակի սկիզբը: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման, օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում: Մենք միշտ էլ հիշում ենք, որ վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրն, իսկ առջեւում՝ պետականությունը: Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաեւ՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդուն, մարտնչել է հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս անգամ հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին: Նույնն ապացուցվեց նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ: Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով: Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար: Փա´ռք ձեզ: Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց եւ այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաեւ բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ համալրեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին հրամանատարասերժանտական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք, Ձեր զավակներով: Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ վրա մեծ վստահություն է դրված: Ջերմագին շնորհավորանքներ նաեւ Երկրապահի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների կին աշխատակիցներին, բոլոր գործընկերների ընտանիքների կանանց ու աղջիկներին: Մարտի 8-ի առիթով մեկ անգամ եւս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին»:

Նմանատիպ նյութեր