211652_close_icon
views-count2547 դիտում article-date 13:33 09-03-2017

Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկուստեք հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: «Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերությունների ընդլայնումը, և ես համոզված եմ, որ Ձեր այցը նոր լիցքեր կհաղորդի թե՛ շրջանային խորհրդի հետ բարեկամական ու գործնական կապերի էլ ավելի ընդլայնմանը և թե՛ հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանն, ընդհանրապես», - նշել է Վալերի Պեկրեսը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ ևս համագործակցության ներուժը մեծ է, և համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկուստեք փոխգործակցությունը կդառնա առավել առարկայական ու շոշափելի: «Երևանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցում է 2011թ.-ից սկսած և այս ժամանակահատվածում տարբեր ոլորտներում միասին փորձի փոխանակման մի շարք արդյունավետ ծրագրեր ենք իրականացրել: Իսկապես ուրախալի է, որ ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վալերի Պեկրեսին հրավիրել է այցելել Երևան:

Նմանատիպ նյութեր