211652_close_icon
views-count4354 դիտում article-date 18:19 14-03-2017

Տեղի է ունեցել Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը

Այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանավորությամբ հրատարակված Էդիկ և Տաթևիկ Մինասյանների «Հայ կանայք 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներին» և «Հայ հերոսուհի կանայք» գրքերի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, գիտնականներ, հյուրեր: Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Կանանց մեկամսյակի շրջանակներում մենք որոշեցինք կազմակերպել և հայ հասարակությանը նվիրել Էդիկ հայ կանանց մասին Մինասյանի հեղինակած այս երկու հիմնարար աշխատությունները: Հայ ժողովրդի դժվարին ու ճակատագրական պահերին հայ կինը անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչն էլ վկայում է հայուհու խիզախության, քաջության, հերոսության և նպատակասլացության մասին: Նա միշտ մեծարվել է իբրև սրբություն, եղել է առաքինի, ազնիվ ու համբերատար: Շատ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են անարգ թշնամու դեմ: Կռիվների, արհավիրքների ժամերին դարձել են քաջ զինվոր և կյանքի գնով պաշտպանել են իրենց տունն ու զավակներին: Զույգ գրքերում Էդիկ Մինասյանը փորձել է բացահայտել և համապարփակ ներկայացնել այս հայ կանանց տիպական կերպարները»: Նախարարն ընդգծեց, որ գիրքն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես գիտական, այնպես էլ լայն հասարակայնության շրջանակներում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս գրքում նշված հայ կանայք առավել լայն ճանաչում ձեռք բերեն և հատկապես ճանաչելի դառնան նոր սերունդների համար», - ասաց նա: Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորեց հեղինակին և նրան հանձնեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը: Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի՝ գրքերի բովանդակությունը հանրությանը հասանելի և մատչելի դարձնելու ուղղությամբ: Կարևորելով հայ կնոջ անփոխարինելի և անգնահատելի դերը հայոց պատմության հոլովույթում՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց. «19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հայուհիների կյանքն ու քաջագործություններն ամբողջացնելով մեկ գրքում՝ Մինասյանը նոր խոսք է ասել հայ պատմագրության մեջ»: Աշխատությունների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Կարինե Եղիազարյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, գրքի խմբագիր Արտակ Մովսիսյանը, պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը, գրքի խմբագիր Մերի Հովհաննիսյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը, սփյուռքահայ բանաստեղծ Անուշ Նագգաշյանը և գրող Վրեժ Սարուխանյանը: Բանախոսները նշեցին, որ ծանոթանալով անցյալի հայ հերոսուհիների, նշանավոր հայուհիների գործելակերպին, ցուցաբերած սխրանքներին, նրանց հայրենաշեն, հայապահպան գործունեությանը՝ այսօրվա հայուհիները կաշխատեն և կփորձեն նմանվել նրանց, ինչը կնպաստի, որ հայ կանայք մշտապես պահպանեն ազգի ոգին: Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքերի հեղինակ Էդիկ Մինասյանը: Նա նշեց. «Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին, որ առիթ և հնարավորություն տվեց ինձ նման աշխատանք իրականացնելու: Հայ կինը իսկապես հերոսուհի է: Այդ կապակցությամբ երիցս ճիշտ են մեծ հայի՝ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Հետևապես, հայուհիների դաստիարակությունից է կախված նրանց զավակների հայ լինելը»: Էդիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԿԳ և ՀՀ Մշակույթի նախարարություններին, ԵՊՀ–ին գրքերի ստեղծման գործում աջակցելու համար: Գրքերը նախատեսված են ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների համար: Միջոցառմանը մասնակիցներն առաջարկեցին լրամշակել, արևմտահայերեն թարգմանել և վերահրատարակել աշխատությունները, իսկ գրքերի հերոսուհի կանանց կերպարները առավել ճանաչելի դարձնելու նպատակով նկարահանել ֆիլմեր, հաղորդումներ, տպագրել գրքույկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր