211652_close_icon
views-count2199 դիտում article-date 19:19 22-03-2017

Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը «Տնտեսական զարգացումների ամփոփում, հարկաբյուջետային քաղաքակության արդյունքներ» թեմայի շրջանակում: Նախարար Արամյանի խոսքով` 2017-ի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ցուցանիշները համահունչ են եղել ընթացիկ տնտեսական զարգացումներին: «2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համապատասխան արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2 տոկոս աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7 տոկոս աճով»։ Նախարարը նշել է, որ 2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում, և հունվար-փետրվար ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2 տոկոսով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով. «Մենք ասել ենք, որ առնվազն 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճը մենք ապահովելու ենք: Իհարկե, տարին դեռ առջևում է, մենք փորձելու ենք ջանքեր գործադրել, որ 3,2 տոկոսից ավելի բարձր ցուցանիշ ունենանք», - ասել է Վարդան Արամյանը` հավելելով, որ այն ճյուղերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, մասնավորապես, արդյունաբերությունը, շարունակում է դրսևորել բավականին բարձր աճի տեմպեր: Ըստ այդմ՝ հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.1 տոկոսով: «Շինարարությունը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 13.8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության ճյուղն ունեցել է զրոյական աճ», - ասել է նախարարը։ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2 տոկոսով, ընդ որում` արտահանումն աճել է 20.1, իսկ ներմուծումը՝ 23.5 տոկոսով։ Վարդան Արամյանի խոսքով` 2016 թվականին առևտուրը բացասական է եղել, սակայն հոկտեմբերից իրավիճակը փոխվել է, և տարին ամփոփվել է դրական առևտրի աճի ցուցանիշով, իսկ 2017 թվականի հունվար-փետրվարին գրանցվել է առևտրաշրջանառության ծավալների 9.6 տոկոսով աճ: «Դա նշանակում է, որ պահանջարկի այն խոր անկումը, որ վերջին երկու տարիների ընթացքում տրանսֆերտների անկման միջոցով ունեցել ենք, կանգ է առել, և մենք արդեն թևակոխում ենք վերելքի փուլ: Կարծես թե հանրության մոտ դրսևորվում է եկամուտների վերականգնում՝ սկսած նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Սա ուրախալի լուր է, լավ լուր է, դա նշանակում է, որ մենք ունենք դրական զարգացումներ», - ասել է ֆինանսների նախարարը: 2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2 տոկոս աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7 տոկոս աճով: ՀՀ ֆինանսների նախարարը նշել է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին հավաքագրված հարկերը գերակատարվել են և՛ նախանշված ծրագրի, և՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. շուրջ 15 մլրդ դրամով ավել հարկեր են հավաքագրվել: Ըստ Վարդան Արամյանի` այս աճը կանխավճարի հաշվին չի եղել, քանի որ բիզնեսից կանխավճարներ չեն հավաքագրվել: «Սա հարկային վարչարարության բարելավման շնորհիվ է», - ասել է Արամյանը` հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորվել է ՀՆԱ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական և բնօգտագործման վճարների՝ համապատասխանբար 12.2 տոկոս, 14.5 տոկոս և 2.7 անգամ աճի հաշվին։ «Ընդ որում, հարկերի աճին նպաստել են թե՛ տեղական հարկերը, թե՛ ներմուծման հարկերը», - ասել է Վարդան Արամյանը և նշել, որ պետական բյուջեի ծախսերի աճը հունվար-փետրվարին զիջել է եկամուտների աճին. պետական բյուջեի ծախսերի աճը կազմել է 1.6 տոկոս, որի արդյունքում ձևավորվել է 0.6 մլրդ դրամ ավելցուկ: Հայաստանը 2016 թվականին ունեցել է 0,2 տոկոս տնտեսական իրական աճ և ՀՆԱ-ի 0,8 տոկոս անվանական ցուցանիշի աճ: Հարաբերական ցուցանիշների առումով 2016 թվականն ամփոփվել է հարկերի 1 տրիլիոն 80 միլիարդ հավաքագրումով, որը փաստացի ՀՆԱ-ի մեջ 21,3 տոկոս է: «Այս առումով բավականին գերակատարում ունենք, քանի որ տարվա ընթացքում 2016 թվականի ծրագրային բյուջեով նախատեսված էր 20,7 տոկոս հարկեր/ՀՆԱ ցուցանիշ: Բյուջեի պակասուրդի մասով այն, ինչ հնչեցվել էր 2016 թվականի դեկտեմբերին, համահունչ է եղել մեր ակնկալիքներին: Պակասուրդը ՀՆԱ-ի մեջ եղել է 5,5 տոկոս», - ասել է նախարարը: Ֆինանսների նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Նմանատիպ նյութեր