211652_close_icon
views-count3072 դիտում article-date 15:45 24-03-2017

Հարցվածների 29.4%-ը ձայնը կտա ՀՀԿ-ին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Gallup International Association

«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք». Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության այս հարցմանը 29.4%-ը պատասխանել է, որ կքվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջին հարցման արդյունքները ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցման տվյալներով՝ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 6,1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 4.8%-ը, «Ազատ դեմոկրատներ»-ին ձայն կտա՝ 4,4%-ը, «Հայկական վերածնունդ»-ին՝ 3,4%-ը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ 2,9%-ը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` 2,5%-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 1,2%-ը: 9,5%-ը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 7,6 %-ը դժվարացել է պատասխանել: Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում: Արման Նավասարդյանը նշեց, որ նախորդ հարցման համեմատ ՀՀԿ ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին և նրա իմիջը նպաստել է ՀՀԿ ցուցանիշի աճին։ Հիշեցնենք, որ քարոզարշավից առաջ իրականացված հարցման տվյալներով՝ առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը՝ 26,4%-ով, ՀՀԿ-ն գրանցել էր 22,8% արդյունք։

Նմանատիպ նյութեր