211652_close_icon
views-count4673 դիտում article-date 21:35 27-03-2017

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Կիլցե քաղաքում հանդիպում է ունեցել Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հետ

Մարտի 24-ից 25-ը Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հրավերով Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Կիլցե քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, Կիլցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, հիմնադրամի պատասխանատուներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության հարցեր: Սվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկ Ադամ Յարուբասը նշեց, որ Լեհաստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությանը, հարուստ քրիստոնեական ժառանգությանը, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքին: Նա պատրաստակամություն հայտնեց իր ավանդն ունենալ հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում` ապակենտրոնացված, ինչպես նաև տնտեսական, մշակութային կապերի զարգացման նպատակով: Դեսպան Ղազարյանն, իր հերթին, կարևորեց հայ-լեհական երկկողմ հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականի հոբելյանական տարում Լեհաստանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և շնորհակալություն հայտնեց Սվիենտոկշիսկեի իշխանություններին՝ աջակցության համար: Լեհ-hայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանն իր հերթին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված իրենց ծրագրերը: Նույնը օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ նաև Կիլցեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի երկրորդ օրը դեսպան Ղազարյանն այցելեց Կիլցե քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ենթակայությամբ գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարան` այնտեղ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հարցեր: Ուսումնարանի ուսանողների համար կազմակերպվեց նաև հայկական զարդանախշերի և հայերեն տառերի նկարչության հատուկ դասընթաց:

Նմանատիպ նյութեր