211652_close_icon
views-count1772 դիտում article-date 23:01 31-01-2017

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է ԼՀ Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ

Երեկ՝ հունվարի 30-ին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի խորհրդարանում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման կապակցությամբ: Դեսպանը նշեց, որ 2016 թվականն արդյունավետ տարի էր երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության առումով` շեշտելով ՀՀ ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների այցելությունները Լեհաստան և դրանց շրջանակներում տեղի ունեցած կարևոր հանդիպումներն ու մասնակցությունը Լեհաստանում կազմակերպված միջազգային միջոցառումներին: ԼՀ Սեյմի փոխնախագահին ներկայացվեց Լեհաստանի Հայ համայնքի կազմավորման 650-ամյակի և հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ սպասվելիք միջոցառումները: Ռիչարդ Տերլեցկին իր հերթին հույս հայտնեց, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունները հաստատուն քայլերով զարգացում կապրեն նաև հետագայում: Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպեց նաև ԼՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Թադեուշ Կոչինսկու հետ։ Հանդիպմանը Էդգար Ղազարյանը շնորհավորեց նախարարի տեղակալին հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա հայ-լեհական առևտրատնտեսական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններն ու ուղղությունները: Դեսպան Ղազարյանը Թադեուշ Կոչինսկուն ներկայացրեց Հայաստանում ներդրումներ կատարելու բացառիկ հնարավորությունները, որը նաև պայմանավորված Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց 2017 թվականի ընթացքում Վարշավայում կայանալիք հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպական հարցերին:

Նմանատիպ նյութեր