26530 դիտում
12:21 28-03-2017
Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած 42-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 27-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են մարտի 27-ին Երևանում 65-ամյա Սամվել Աղլամազյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վրաերթը կատարել է Չարբախի բնակիչ, 42-ամյա Վահե Հարությունյանը՝ Opel մակնիշի 35 AՏ 931 համարանիշի ավտոմեքենայով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ Վ. Հարությունյանը որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայր։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/27/1062725/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը՝ երեկ՝ մարտի 27-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։20-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 77/1 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Սամվել Աղլամազյանին։
Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03։30-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել էր։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած վարորդին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+