211652_close_icon
views-count2687 դիտում article-date 15:08 29-03-2017

Դեսպան Ղազարյանը «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով դասախոսություն է կարդացել Վարշավայի համալսարանում

Մարտի 27-ին Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ «Universitas Varsoviensis» համալսարանական կազմակերպության նախաձեռնությամբ, «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով ուսանողների և դասախոսների առջև դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը: Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և դրա միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից այդ ոճրագործության ճանաչման փաստը և դրա կարևորությունը: Դեսպան Ղազարյանը հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` շեշտելով, որ 2017 թվականին նշվում է միանգամից երկու հոբելյան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Ներկաներին ներկայացվեցին տեղեկություններ Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին: Ելույթի ավարտին Էդգար Ղազարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր