211652_close_icon
views-count1652 դիտում article-date 18:22 04-05-2019

Հայաստանի արտաքին քաղաքականության թեմայով Տիգրան Բալայանը դասախոսություն է կարդացել Էրազմուսի համալսարանում

Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։ Իր խոսքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նրա կողմից վարած արտաքին քաղաքականությունը։ Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությանը և դիվանագիտական ծառայության առաջնային խնդիրներին, Տիգրան Բալայանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդիրը, դրա խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակն ու նրա ժողովրդի անվտանգության ապահովումը հայկական դիվանագիտության առաջնահերթությունն են հանդիսանում։ Նշելով, որ Հայաստանը վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն՝ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ունի դաշնակիցներ, բարեկամներ, և իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ կառուցում է իր ազգային շահերի հիման վրա՝ դեմ լինելով բաժանարար գծերին։ Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին՝ դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի առաջնորդող դերակատարությունը և դրանից բխող նախաձեռնությունները։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ հնչեցված բնորոշումներին, Հայաստանի դեսպանը դրանք որակեց որպես զարհուրելի և Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ իրականացված հանցագործությունը և դրա հետևանքները քողարկելու ձախողված փորձ։ ՀՀ դեսպանը ներկաներին տեղեկացրեց ժողովրդական լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ տարվող պայքարը և դրա արդյունքները։ Տիգրան Բալայանը ներկայացրեց միջազգային կառույցներում Հայաստանի նախաձեռնողական ներգրավվածությունը, աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և դրանց խորհուրդը։ Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը, որին Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Նմանատիպ նյութեր