211652_close_icon
views-count3645 դիտում article-date 10:55 01-04-2017

Եթե մարդը հարցնում է՝ «ե՞րբ է լավ լինելու», այդ մարդու համար երբեք լավ չի լինի. «Առավոտ»

«առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, բայց մի բան կարող եմ հաստատ ասել` հաջորդ 5 տարին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը պայքարելու է ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ պետք է անենք մենք՝ ակտիվ և ոչ անտարբեր քաղաքացիներս: Ես կառաջարկեի կենտրոնանալ կրթության վրա՝ փոխել մեր կրթության խորհրդային համակարգը՝ սկսած մանկապարտեզից: Դա, իմ կարծիքով, նույնքան ռազմավարական ուղղություն է, որքան բանակը: Ինչ է ցույց տվել այս ընտրարշավը: Որ կան մի քանի հարյուր երիտասարդներ, որոնք ապրում են 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի արժեքներով, կան մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք իրենց մտածելակերով մեծ մասամբ մնացել են դեռևս 90-ականների կեսերին, և կա հարյուր հազարավոր իներտ, անտարբեր, անհաղորդ, փնփնթան զանգված, որը բացի բողոքելուց և մեծահարուստների կամ իշխանավորների ձեռքին ու գրպանին նայելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չի: «Խնդրեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա հայ ազգին լավ նայի»՝ ահա այդ զանգվածին հակիրճ բնութագրող մաղթանքը: Պետք է հենվել նշածս մի քանի հարյուր երիտասարդների վրա, որովհետև նրանք, վստահ եմ, Հայաստանից չեն փախչի: Եվ փորձել հնարավորինս մեծացնել, տարածել այդ «կղզյակը» ոչ միայն կրթական հաստատությունների միջոցով, դուրս մղելով այնտեղից խորհրդային ստորաքարշներին, այլև ԶԼՄ-ներով և անգամ համացանցով: Ասում եմ՝ «անգամ», որովհետև համացանցի ոլորտում որոշակի մշակույթ ստեղծելը հանդիպում է ոչ ադեկվատ մարդկանց, քրոնիկ «աբիժնիկների» և «ֆեյքերի» դիմադրությանը: Բայց այստեղ էլ պետք չէ հանձնվել, պետք չէ տրվել տեղակատվական աղմուկին: Հիմնական ուղերձը, որը պետք է ձևավորվի այդ կրթական, լուսավորչական աշխատանքով հետևյալն է՝ պետությունը մենք ենք, պետական ողջ համակարգն աշխատում է մեր հարկերով, մեզ ոչ մի թագավոր, ոչ մի ֆեոդալ, ոչ մի իշխան և ոչ մի գյուղի քյոխվա պետք չէ, մեզ պետք է վարչակազմ, որին մենք որոշակի ժամանակով վարձում ենք՝ մեր կողմից դրված խնդիրները լուծելու համար: Համաձայնեք, որ այդպիսի պահանջներ կարող են դնել միայն կրթված, որոշակի մտահորիզոն ունեցող մարդիկ: Եթե մարդը հարցնում է՝ «ե՞րբ է լավ լինելու», այդ մարդու համար երբեք լավ չի լինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր