211652_close_icon
views-count2003 դիտում article-date 16:33 01-04-2017

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի առանցքային դերակատարությունը ԱՊՀ անդամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ սերտացման հարցում: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելությունը մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ճշգրիտ ու անաչառ գնահատման տեսանկյունից: ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի առանձնահատկությունները եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորությունները՝ արձանագրելով, որ փաստաթուղթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ լիակատար փոխհամաձայնության պայմաններում: «Նոր Ընտրական օրենսգիրքն առավել քան ժողովրդավարական է եւ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Ընտրողը պետք է համոզված լինի, որ իր ձայնը վճռորոշ է լինելու եւ չի կորչելու»: Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է պատվիրակության անդամներին ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակի առթիվ եւ դիտորդներին առաջիկա ընտրություններում մաղթել արդյունավետ աշխատանք: Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկն ընդգծել է, որ իրենց փորձագետները դրական եւ արդյունավետ են գնահատել կատարված աշխատանքն ու փոփոխված օրենսդրությունը: «Դուք ձեր առջեւ դրել եք թափանցիկ փաստաթուղթ ընդունելու նպատակ, եւ դա ձեզ հաջողվել է, ինչը գործնականում կկիրառեք ապրիլի 2-ին: Համոզված եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված կլինի»,-նշել է պարոն Պիրշտուկը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել նախընտրական քարոզչության իրականացման վերաբերյալ՝ փաստելով, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել հավասար պայմաններ:

Նմանատիպ նյութեր