5003 դիտում
00:50 03-04-2017
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է սոցցանցային 850 հրապարակում ընտրախախտումների մասին, ստացել է 49 ահազանգ
Ապրիլի 2-ին՝ ժամը 22-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 49 ահազանգ: Ահազանգերից 17-ը հաստատվել է և արագացված ընթացակարգով ստացել լուծում: Դրանցից մեկով էլ խնդիրը լուծվել է ընտրատեղամաս իրականացված արագ արձագանքման այցի արդյունքում: Մյուս բոլոր ահազանգերը վերաբերել են իրավական խորհրդատվություն տրամադրելուն: Իրականացվել է նաև քաղաքացիների ընդունելություն: Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության ընթացքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: Նշված 17 ահազանգերը վերաբերել են ընտրատեղամասերում կուտակման, տեխնիկական միջոցների անսարքության,քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության,ընտրացուցակներում գրառումների, քվեաթերթիկների հաշվարկին պատգամավորության թեկնածուին և վստահված անձին չթույլատրելու, ինչպես նաև քվեարկության վայրի հետ կապված հարցերին:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ԿԸՀ-ի կողմից բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է հատուկ աջակցություն ցուցաբերել այն ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք չունեն համապատասխան պայմաններ: Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ կապված 5 կոնկրետ դեպքի վերաբերյալ ահազանգ, ինչպես նաև մեկ ընդհանուր բնույթի մտահոգություն: Բոլոր կոնկրետ դեպքերով քաղաքացիները տեղեկացվել են նշված աջակցության հնարավորության մասին:
Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 850 հրապարակում, որոնցից 325-ով խախտման վերաբերյալ տվյալները չեն հաստատվել, իսկ 131-ը պարունակել է հանցագործության առերևույթ հատկանիշներ:Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:
Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերին առնչվող 176 հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել են քննարկման ընթացակարգեր: Մասնավորապես, ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզին վերաբերող 60, Շիրակի մարզին՝ 13, Սյունիքի մարզին՝ 53 և Լոռու մարզին առնչվող 50 հրապարակում և բանավոր բողոք:Համապատասխան աշխատանք է տարվել ընտրական հանձնաժողովների և ոստիկանության մարմինների հետ: Արդյունքում՝արձանագրված խախտումներից 45-ով Գեղարքունիքում, 11-ով Շիրակում, 47-ով Սյունիքում և 21-ով Լոռիում բարձրացված հարցերը հաստատվել են և ստացել են լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետևել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը: Լրագրողի մասնագիտական աշխատանքի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:
Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է եղել Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ, որոնց պարբերաբար ներկայացվել են վերը նշված տեղեկությունները: Սույն ամփոփիչ հայտարարության տվյալները նույնպես կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
Նմանատիպ նյութեր
12917 դիտում
19:21 02-04-2017
Դատախազությունը ժամը18-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրախախտումների մասին 1317 հրապարակում
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»