211652_close_icon
views-count6737 դիտում article-date 23:30 19-04-2017

Մենք անչափ կարևորում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով կարողանում են իրենց որոշակի նպաստը բերել հայրենիքին: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից առանձնակի կարևորվում է նաև մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Մենք անչափ կարևորում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը և շատ ուրախ կլինենք, որ ձեր ընկերությունը ևս իր մասնակցությունն ունենա Երևանում հնարավոր ներդրումների ներգրավման հարցում», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի զարգացման ծրագրերն անձամբ ներկայացնելու համար` «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանը կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում՝ նկատելով, որ դրա արդյունքները շատ որոշակի տեսանելի են այսօրվա Երևանում: Հանդիպմանը ներկա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանն էլ Երևանի քաղաքապետին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ծրագրերը, նշել է, որ այն անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկն է և ներկայացված է տարբեր երկրներում: «Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես անչափ կարևոր է ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և վստահեցնում եմ, որ մեր հերթին կանենք հնարավորը՝ Երևանի ներդրումային ծրագրերը տարբեր շրջանակներին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու հարցում»,- նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ընկերության տարբեր նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր