211652_close_icon
views-count4061 դիտում article-date 13:43 20-04-2017

Վարչապետը հանձնարարեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք ներկայացնել

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներ նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը, դրանց վերանորոգման այլընտրանքային տարբերակները, տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վրա հիմնված հինգ տարվա աշխատանքային ծրագիր և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: «Գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը 5-10 տարի ժամկետով, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ ավելի շատ, քննարկել կազմակերպման ոլորտում կապալառու-սպասարկող մոդելի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկներ»,-ասաց վարչապետը: Նաև հանձնարարեց մինչև 2017-ի հունիսի 1-ը մշակել և ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը. «Միևնույն ժամանակ նախարարին հանձնարարում եմ հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին և ճանապարհային նշաններին: Դուք այդ հսկողությունը կազմակերպեք՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմիններին»: Կարեն Կարապետյանը ՀՀ մարզպետներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրել ՀՀ-ում առկա բոլոր համայնքներից ուղևորահոսքի վերաբերյալ տվյալներ՝ ըստ ժամային կտրվածքի:

Նմանատիպ նյութեր