2362 դիտում
19:28 21-04-2017
Տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը
Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը»:
Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: «Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:
Գրող Սոսի Գևոնյանը նշեց, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք: «Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում», - հավելեց նա:
«Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն հայտնեց նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսեց Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը:
Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց «Հայերն այսօր» պարբերականի խմբագրակազմին՝ բացել «Պատմիր քո պատմությունը» խորագրով պատուհան, որտեղ Ցեղասպանություն վերապրածների ժառանգները ոչ միայն հնարավորություն կունենան պատմել իրենց պատմությունները, այլև շփվել և ծանոթանալ միմյանց հետ:
«Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը», - ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
23:10 16-05-2015
Լոս-Անջելեսի Կենտրոնական զբոսայգում Ցեղասպանությունը վերապրածների հսկա լուսանկարներ են տեղադրվել
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից