211652_close_icon
views-count11275 դիտում article-date 23:20 25-04-2017

Ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ամենօրյա խիստ հսկողության տակ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2017 թվականի ծրագրով մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում մեծ թափով շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու զուգահեռաբար սկսել նաև փոսանորոգման հիմնական աշխատանքները: «Մրցույթը շահած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների առջև հստակ պահանջ դրեք աշխատանքները կազմակերպել այնպես, որ փողոցների որոշակի հատվածները կտրելուց շատ կարճ ժամանակ հետո ապահովվի ասֆալտապատումը: Ընդ որում, անընդունելի են այն արդարացման փորձերը, թե որոշակի ձգձգումներ կան բացառապես երկրորդական կամ երրորդական փողոցներում: Նման տարանջատումն ընդհանրապես մոռացե՛ք: Ինձ համար Երևանի բոլոր փողոցներն են կենտրոնական ու կարևոր: Եվ բոլորիդ կհորդորեմ, որ նույն սկզբունքով մոտենաք հարցին և ասֆալտապատման ու փոսանորոգման աշխատանքների ընթացքը պահեք ձեր ամենօրյա խիստ հսկողության տակ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 21 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև կանգառասրահների բարեկարգման, ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին բոլոր երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները, իսկ սպասարկման հարցում թերացողների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված վարչական ամենախիստ միջոցները: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր