211652_close_icon
views-count8018 դիտում article-date 21:48 26-04-2017

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին. անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։ Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։ Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։ Նույն օրը կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ փոխգործակցության խնդիրների շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր