211652_close_icon
views-count1922 դիտում article-date 11:34 27-04-2017

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել

Ապրիլի 21-25-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Ապրիլի 21-ին Փարիզի մերձակա Մեդոն քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Մեդոնի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Էրվե Մարսելը, Շավիլի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր: Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթական կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Վիգեն Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը: Ապրիլի 23-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր: Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր: Դեսպան Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման և քրեականացման հարցին, ինչը կարևոր է նաև ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ անցյալ տարվա ապրիլին Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի իրականացմանը՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևիցե չի կարող որևէ կարգավիճակով Ադրբեջանի Հանրապետության կազմում լինել և որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն անշրջելի է: Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին մասնակցեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, Կոմիտասի արձանին այցելեց նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը: Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցներ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Արցախի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտերով: Ապրիլի 21-ին Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ, որին մասնակցեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը: Ապրիլի 24-ին Լիոնում կայացած արարողությանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը և հայտնի հեռուստալրագրող Ֆրանց Օլիվիե Ժիզբերը: Ֆրանսահայ կառույցների կազմակերպմամբ՝ հիշատակի բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Վալանսում, Ալֆորվիլում, Գարդանում, Սենտ-Էտիենում, Մոնտելիմարում, Տուլոնում, Ստրասբուրգում, Շարանտոն լը Պոնում, Անիեր և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում շարունակվելու են մինչև մայիսի կեսերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր