211652_close_icon
views-count2020 դիտում article-date 16:31 24-04-2017

Ռումինիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։ Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, փիլիսոփայության դոկտոր, նախկին նախագահ Տրայան Բասեսկուի խորհրդական Կատալին Ավրամեսկուն, դոկտոր Օանա Սուչիուն, ցեղասպանագետ, դոկտոր Միհայ Կիովեանուն և գրող Պետրոս Խորասանջյանը: Իր ելույթում Կատալին Ավրամեսկուն կոչ արեց Ռումինիայի իշխանություններին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանը, տեղի Հայագիտության ինստիտուտի և Հայոց միության նախաձեռնությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարի պատմությանը նվիրված սիմպոզիում, որը բացեցին Արվեստի թանգարանի և Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը և Կլուժի Հայոց միության նախագահ Կարեն Աթիլա Սեբեշին: Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և հումանիտար ծանր հետևանքների մասին ծավալուն ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը, քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը, պատմաբան Պաուլ Կրաչիունը և մշակութաբան Աթիլա Յակոբը: Այնուհետև, Արվեստի թանգարանի սրահում բացվեց ռումինահայ նկարիչ Օվիդիու Փանիկյանցի գործերի ցուցահանդեսը։ Ապրիլի 22-ին Բոտոշանի քաղաքում տեղի ունեցավ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի համերգը, որի ընթացքում երաժիշտը հանդես եկավ հայկական ազգային և հոգևոր երաժշտության կատարումներով: Ապրիլի 24-ին Ռոման քաղաքի Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում, որտեղ ելույթներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա.Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն, պատմաբան հայր Ալոիս Մորարուն, ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը: Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ տեղի ունեցան նաև Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակության կարգ կատարվեց Պիտեշտի քաղաքում, Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաև Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում: Ապրիլի 25-ին Կոնստանցա քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով կբացվի խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, ինչպես նաև ի նշան Դոբրուջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն հյուրընկալ ռումին ժողովրդին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր