54803 դիտում
14:00 27-04-2017
Այսուհետ Արցախի հերոսն իր «ներկայությամբ» կոգևորի դպրոցի սաներին. 147 դպրոցն անվանակոչվեց Ռոբերտ Աբաջյանի անվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հոր՝ Ալեքսանդր Աբաջյանի մասնակցությամբ բացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N 147 ավագ դպրոցի այն ցուցանակը, որով ազդարարվում էր, որ այսուհետ նշված դպրոցը կոչվելու է դպրոցի շրջանավարտ, Արցախի հերոս, հայրենիքի համար կյանքը զոհաբերած Ռոբերտ Աբաջյանի անունով։
Բացմանը ներկա էին դպրոցի սաները, ուսուցչական կազմը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսի ծնողները, բարեկամները, մարտական ընկերները, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Դպրոցի բակում հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրԱրթուր Ալեքսանյանի հովանավորությամբ տեղադրվել է նաև հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար , կառուցվել ցայտաղբյուր։
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս:
Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն:
Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը:
Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:
Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:
Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը:
Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 261+
261+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17969 դիտում
13:30 26-04-2017
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
32263 դիտում
19:37 16-11-2016
Երևանի թիվ 147 դպրոցի ՆԶՊ նորաստեղծ դասարանն անվանակոչվեց Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ