211652_close_icon
views-count7449 դիտում article-date 20:44 02-05-2017

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայություն. armtimes

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Այս տեղեկությունը [url=https://www.armtimes.com/hy/article/110829]armtimes.com[/url] կայքի հետ զրույցում հաստատել է գործով մեղադրյալ Արման Ջանջուղազյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը: «Ինձ գործը քննող ՀԿԳ քննիչն ասաց, որ գործը փոխանցել են ԱԱԾ, բայց թե որն է եղել պատճառը դեռ տեղյակ չեմ, ԱԱԾ-ից դեռ չեն հրավիրել ինձ»,- ասաց Խչեյանը: Արման Ջանջուղազյանին կալանավորելուց հետո, նրա մասնակցությամբ դեռ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը չի բողոքարկվել: armtimes-ի տեղեկություններով, գործի վարույթը փոխանցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործով մեղադրյալ 21-ամյա Արման Ջանջուղազյանը երկար տարիներ ապրել է արտերկրում և նրա վերաբերյալ ամբողջական տվյալները ստուգելու համար մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Նշենք, որ Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում և անցած տարի է վերադարձել Հայաստան: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևը, սպանվել է ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից:

Նմանատիպ նյութեր