211652_close_icon
views-count4124 դիտում article-date 12:37 13-05-2017

Կառավարությունում քննարկվում են անտառային ոլորտի բարեփոխումները. վարչապետը հանձնարարել է հստակ լուծումներ առաջարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը: Ոլորտում բարեփոխումների իրականացումը պայմանավորված է ՀՀ-ում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խնդիրներին հայեցակարգով առաջարկվող լուծումներին, հիմնական սկզբունքներին և քաղաքականությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման համար: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգի նախագիծը հնչած առաջարկություններով և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

Նմանատիպ նյութեր