211652_close_icon
views-count9202 դիտում article-date 23:38 14-05-2017

Լրագրողական կազմակերպությունները հայտարարում են լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների մասին

Լրագրողական 8 կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների օրը, լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպքերի կապակցությամբ: «Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 և տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթև Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ևս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաև «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առեւտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։ Նմանատիպ փաստեր են արձանագրվել նաև քարոզարշավի ընթացքում. ճնշումների են ենթարկվել «Aravot.am»-ի թղթակից Նելլի Գրիգորյանը և «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը։ Ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ այս ընտրությունների ժամանակ ևս լրագրողների նկատմամբ հարձակումներն ահագնացան, ինչը թույլ չտվեց նրանց ազատ և անկաշկանդ լուսաբանել այդ կարևոր գործընթացը։ Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը նույնպիսի իրադարձություններից հետո իրավապահ մարմինները իսկույն արձագանքեցին և քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսևորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն։ Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք. – ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների և լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել, – ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Այս միջադեպերին վերաբերող իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը և իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին» Հայտարարությունը ստորագրել են` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ») ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Նմանատիպ նյութեր