211652_close_icon
views-count3557 դիտում article-date 21:04 15-05-2017

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանել է Մոսկվա. ՌԴ մայրաքաղաքում կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ ժամանեց Մոսկվա, որտեղ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, մայիսի 16-18-ը կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը «Շերեմետյեվո» օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, թեմական կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ապա հայրապետական շքախումբն ուղղվեց դեպի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիր, ուր Գերագույն հոգևոր խորհրդի անդամների և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գարեգին Բ Հայրապետն այցելեց Սուրբ Պայծառակերպություն տաճար։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համալիրի տարածքի «Տապան» թանգարանում թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված՝ հայ անվանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր բարերար հայորդիների կողմից թեմին նվիրաբերված հայ անվանի նկարիչների 23 կտավ և 4 քանդակ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր սպասավորներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտավորականներ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը, հասարակական գործիչ պրոֆ․ Լեոնիդ Ռոշալը, Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը և ռուս արվեստագետներ։ Արարողությունը սկսվեց Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքով։ Սրբազանն իր ուրախությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մոսկվա այցելության առիթով, որը զուգադիպել է թեմի համար հոբելյանական տարուն։ Անդրադառնալով կազմակերպված ցուցահանդեսին՝ Եզրաս արքեպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, որոնք շարունակ իրենց ներդրումն են բերում հայոց ազգային-հոգևոր կյանքի շենացման գործում, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես աջակցում են հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին։ Այնուհետև ցուցահանդեսի բացման առիթով իր օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը։ «Գոհություն և փառք ենք մատուցում առ Աստուած, որ ռուսաստանաբնակ Մեր զավակները Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգածու առաջնորդությամբ ամուր են պահում իրենց հավատարմությունը մեր արժեքներին, մեր հայրերի սուրբ ու նվիրական ավանդներին: Բարձրյալի օրհնությամբ Տիրախնամ թեմը արդյունավորապես ընդլայնում է իր գործունեության շրջանակները, հոգևոր քարոզչական առաքելության հետ մեկտեղ սպասավորում հայ մշակույթի զարգացմանը, մեր մատաղ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանը, հայորդյաց ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը: Ուրախ ենք այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ առաջին անգամ լինելու Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում և ծանոթանալու ներկայացված հոգևոր-մշակութային արժեքավոր ցուցանմուշներին՝ մեր անցյալից ժառանգված սրբազան մասունքներին, որոնցից յուրաքանչյուրը առանձին մի պատմություն է մեր ժողովրդի ստեղծարար ոգու, լուսավոր հավատքի ու աստվածսիրության, մշակույթի, գիտության ու կրթության հանդեպ աննվազ նվիրումի ու նախանձախնդրության մասին: Թանգարանը իր կարճատև գործունեության ընթացքին դարձել է մշակութային կարևոր օջախ ռուսահայոց կյանքում, որն իր առաքելությամբ նպաստում է բարեպաշտ հայորդիների հոգիներում զորեղ պահելու ազգային գիտակցությունը, կապվածությունը մեր մշակույթին, մեր նվիրական արմատներին: Այսօր, սիրելիներ, ի տես հայ և օտարազգի այցելուների, թանգարանում ներկայացվում են հայ գեղանկարչության բարձրարժեք գործեր` Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մինաս Ավետիսյանի և մեր այլ մեծերի վրձնած ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակահատվածներում բարերար հայորդիների կողմից ընծայաբերվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին», - ասաց Վեհափառ Հայրապետը՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, թեմական խորհրդի անդամներին, կտավների և քանդակների պատվարժան նվիրատուներին և «Տապան» թանգարանի աշխատակիցներին: Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալն Աստված առատապես օրհի ու շնորհազարդի ամենքին՝ պարգևելով ազգանվեր ու եկեղեցաշեն գործունեության նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր հայ ժողովրդի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Ամենակալին՝ օրհնել և առավել զորացնել երկու ժողովուրդների դարավոր եղբայրությունը, Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը։ Արարողության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև Կայսերական Ուղղափառ պաղեստինյան ընկերության նախագահ Սերգեյ Ստեպաշինը՝ ուրախություն հայտնելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ։ Վերջինս անդրադարձավ Ռուսաստանի հայ համայնքի աշխույժ ազգային-եկեղեցական կյանքին, խոսեց երկու Եկեղեցիների գորակցության մասին։ Ցուցահանդեսը ողջունեց նաև Պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը։ Կարևորելով ցուցահանդեսի բացումը՝ Պրն․ Լևիկինը վստահությամբ նշեց, որ այն կհարստացնի Մոսկվայի մշակութային կյանքը։ Նա իր խոսքում, ներկայացնելով հայ-ռուսական բազմադարյա կապերը, մասնավորապես ընդգծեց պատմության ընթացքում հայորդիների ունեցած կարևոր դերակատարությունը Ռուսաստանի պետականության զարգացման և զորացման գործում։ Վերջում ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հյուրերին շնորհակալական խոսքով դիմեց թանգարանի պատասխանատու Տիգրան Մանասյանը։ Վերջինս, ներկայացնելով թանգարանի առաքելությունը, նշեց, թե թանգարանի անունն իսկ վկայում է, որ այն նպաստելու է հոգևոր, մշակութային և պատմական նվիրական արժեքների պահպանմանը, հայ և ռուս ժողովուրդների մշակույթների փոխհարստացմանը։ Նա հավելեց, որ հայրենիքից հեռու ապրող հայերի համար եկեղեցական համալիրն իր զանազան կառույցներով դարձել է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կյանքի կենտրոն։ Արարողությունն ավարտվեց Հայրապետական «Պահպանիչ» աղոթքով։

Նմանատիպ նյութեր